Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ «Տելեգրամի» ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ զինուժի տեղաշարժը, և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ:
«Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտնել են ՊՆ-ից:
Նախարարությունից տեղեկացրել են՝ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ:
Հաղորդվում է՝ բոլոր զինծառայողները ներկայումս իրենց մշտական տեղակայման վայրերում են: