Համալիրում առավոտից ալյուր են փաթեթավորում: Օրվա գործը պարկեր դատարկելն է, լցնում են 5-ական կգ-ներով: Կամավորների շարքում արտագնա աշխատանքի չմեկնած Վահագն է:
Ինքը՝ Ֆեյսբուքից, կողքի երիտասարդը՝ ընկերներից է իմացել, որ օգնողի-կամավորի կարիք կա: Ոմանք էլ այստեղ են ծանոթացել ու ընկերացել, ինչպես Շողերն ու Գոհարը:
Տարածքում բոլորը «Հոգ տար» սոցիալական նախաձեռնության կամավորներն են: Աջակցում են՝ այս դեպքում պետությանը. պետք է փաթեթավորել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից Սոցապնախարարությանը հատկացված սնունդը՝ 4 օրում 116 տոննա:
Համլետ Խնկոյան («Հոգ տար» սոցիալական նախաձեռնության համահեղինակ) - 30 տոննան արդեն փաթեթավորել ենք՝ մեկ օրվա ընթացքում՝ երեկ փաթեթավորեցինք, ևս 75 տոննան նախատեսում ենք այսօր, վաղը, մյուս օրը:
Ոսպ-ալյուր. ապրանքի մի մասը Երևանի բաժին օգնությունն է՝ նախատեսված ինչպես սոցիալապես անապահով և կորոնավիրուսից տուժած, այնպես էլ մայրաքաղաքում դեռևս գտնվող արցախցի ընտանիքների համար: Սննդային փաթեթ կստանա 22 հազար մարդ:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Յուրաքանչյուր անձին ընտանիքում տրամադրվելու է 10 կգ ալյուր, 6 կգ ոսպ, 1.5 կգ պահածոյացված միս, 1 լ ձեթ, աղ, և եթե ընտանիքը բաղկացած է 5 անձից, կստանան մեկ պարկ ալյուր, 30 կգ ոսպ:
Պարենային ծանրոցը ստանալու համար շահառու ընտանիքներին զանգելու են վարչական շրջաններից: Ըստ փոխքաղաքապետի՝ այժմ ցուցակներն են ճշգրտվում:
Աշխատանքն այստեղ ամենաուշը մինչև չորեքշաբթի ավարտելու համար «Հոգ տար»-ի թիմը օրը մոտ 200 կամավորի կարիք ունի: Խնդրում են՝ օգնելու, թե հետագա աջակցության համար... ով կարող է միանա թիմին:
Հրայր Սարգսյան («Հոգ տար» սոցիալական նախաձեռնության կամավորների համակարգող) - 23-ին արդեն պետք է փորձենք ազատել Մարզահամարգային համալիրը, այս ամբողջ ընթացքում շնորհակալ ենք տրամադրած տարածքի համար:
Այսօր 82-րդ օրն է, ինչ «Հոգ տար» նախաձեռնությունը մարզահամերգայինում՝ պատերազմից տուժած արցախցիների համար սննդի ու շորի արկղեր է կազմում: 1200 ընտանիքի համար նախատեսված վերջին ծանրոցները ամանորյա են լինելու: 850 փաթեթ Արցախ կուղարկեն, մնացածը Հայաստանում մնացողները կստանան:
Տոնական-սփոփիչ արկղերում ամենապատասխանատու գործը կոնֆետների փաթեթում շնորհավորանք ավելացնող Սոֆիինն է:
Սոֆի Բաբաջանյան (կամավոր) - Վերջում բարեմաղթանք ենք գրում, օրինակ՝ էստեղ գրված է՝ «Խաղաղության և օրհնության տարի լինի բոլորիս»: Էստեղ ունենք՝ «Շատ սեր և խաղաղություն ձեզ»: Խաղաղությունը գերակշռող է: