Վարչապետ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ սահմանափակվեց Սիսիան քաղաք այցելությամբ: Փաշինյանը մտադիր էր աշխատանքային օրն անցկացնել Սյունիքում, ծրագրել էր այցելել նաև Մեղրի, Կապան, Գորիս: Նախատեսված էին հանդիպումներ ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։ Մի խումբ սյունեցիներ, սակայն, վաղ առավոտից փակել են Գորիս տանող ճանապարհը որպեսզի թույլ չտան վարչապետի մուտքն այնտեղ:
Երեկ ուշ երեկոյան էլ Ֆեյսբուքի իր էջում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էր հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու, իր բնորոշմամբ, հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը մարզ:
Արդեն առավոտյան մարզ այցելելու ճանապարհին վարչապետն ուղիղ եթերում վստահեցրեց՝ այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ հակառակը՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Իմ նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու:
Փաշինյանը կրկին հավաստիացրեց՝ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր հող կամ տարածք չի զիջվել:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Սառնակունք գյուղն է:
Այստեղ Փաշինյանն անդրադարձավ սահմանների անվտանգությանն առնչվող մարդկանց մտահոգություններին: Պարզաբանեց՝ այնպես է ստացվել, որ ճանապարհը սահմանի եզրով է անցնում: Այն հսկելու են թե՛ մեր, թե՛ ռուս սահմանապահներ, որպեսզի լինի անցանելի և անվտանգ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Էս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի անվտանգություն ապահովվի, որպեսզի նոր կոնֆլիկտ չբորբոքվի այդ ամեն ինչի շուրջ: Հիմա՝ մինչև իրավիճակի կայունանալը, այնտեղ կլինեն առանձին դեպքեր, միջադեպեր և այլն, որոնք հետագա աշխատանքի արդյունքում կկարգավորվեն: Ամենակարևորն այն է, որ մենք ամեն առանձին վերցրած դեպքից խուճապի չմատնվենք և իրավիճակը կայունացնենք:
Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին։ Ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին, զրուցեց զոհերի հարազատների հետ: Այնուհետև Փաշինյանը հանդիպեց իրեն դիմավորելու եկած սիսիանցիներին:
Վարչապետը հավաքվածներին ներկայացրեց սահմանազատման արդյունքում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են Հայաստանի սահմանին և դրանով, ըստ Փաշինյանի, անվտանգության աստիճանն ուժեղանում է: Իսկ սահմանազատումն իրականացվում է վարչատարածքային բաժանման մասին 2010-ին ընդունված օրենքով:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այդ օրենքում, օրինակ, Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաև Ադրբեջանի հետ սահմանը: Դա եղել է 2010-ին, այդ ժամանակ ինչո՞ւ է օրենքի մեջ գրվել, և այդ ժամանակվա կառավարությունը ներկայացրել է օրենքը: Կառավարությունը ընդունել է այդ օրենքը, որով նկարագրված են սահմանները, որտեղ այսօր խնդիր է առաջանում: Բայց չէ՞ որ ձեր ընդունած օրենքով դա օրենքի ուժ է ստացել: Այդ ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ դա Արցախի Հանրապետության տարածքն է:
Փաշինյանը նկատեց՝ քննադատում են, ասում՝ եթե մեր զորքերը հիմա այդ սահմանով են կանգնում, ապա գործող իշխանությունն Արցախի հարցը փակում է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - «Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010-ին ընդունած օրենքով Արցախի հարցը փակել եք: Եթե այդ սահմանն այսօր ճանաչելը դավաճանություն է, ապա 2010-ին առավել ևս դավաճանություն էր»:
Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրեց՝ վստահ է՝ նույն ինքնաբուխ հավաքն է լինելու նաև Գորիսում, Կապանում, Մեղրիում, իսկ այսօր սադրանքների չեն տրվելու։ Նշեց՝ կան մարդիկ , որոնք բախումներ են հրահրում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կարծում եմ՝ երբ գնամ Գորիս, նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Կապանում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Մեղրիում, և մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու: Իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չէ, հեշտ ապացուցելի բան է, եթե այդպես չէ, ես առաջարկում եմ՝ բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, ինչ են մտածում: Մարդիկ շատ դժվար հարցեր ունեն:
Երևան վերադառնալուց առաջ Փաշինյանը խոստացավ՝ Գորիսին, Կապանին, Քաջարանին և Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։