Գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով: Պատերազմի ընթացքում հրաման չկատարելու, դասալքության դեպքերով քննչական կոմիտեն հարուցել է 882 քրեական գործ, մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:
Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ պատերազմի առաջին օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք Պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կան մեղադրյալներ:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Արցախի հարավում ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ:
«Նոյեմբերի 19-ին ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի արած հայտարարություններից հետո ՀՔԾ-ն գործ է հարուցել և քննում է պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց այնպիսի արարքները, որոնք հակասել են Պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթային կարգավորումների և բացասաբար ազդել պատերազմի արդյունքի վրա։ Գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել նաև առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների՝ ծառայություն հասցեագրած դիմումները: Նաև հրապարակումները՝ 5 մլրդ դոլար առաջարկելու վերաբերյալ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրենը հայերենին տիրապետող ադրբեջանցիների անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել, 400 ադրբեջանցի էլ Նախիջևանից Քաջարանով Արցախ են անցնել, 2018 թ. Հայաստանում իրականացված հեղափոխության համար Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն դոլար են ստացել, գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ: Իսաղուլյանը հրաժարվել է բացատրություն տալ: ԱԱԾ-ն ու ոստիկանությունն ուսումնասիրել, արդյունքում նման տվյալներ չեն ստացել: Մերժվել է քրեական գործ հարուցել, մինչդեռ հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:
Զանգվածային լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը մշտադիտարկելիս պարզվել է, որ պատերազմի ընթացքում եղել են հրապարակումներ, թե, իբր, Պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի հարավարևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման են տվել, ինչի հետևանքով Շուշին դիտավորությամբ, նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել:
«Առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքեր են եղել։ Սրա վերաբերյալ Շուշիի իրադարձությունները լուսաբանած ռուս լրագրողի վկայությունները, ենթադրաբար Արցախի նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը և Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը գլխավոր դատախազն ուղարկել է ԱԱԾ՝ ներկայացված տվյալները պարզելու համար»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
ԱԱԾ-ն և քննչական կոմիտեն քննում են նաև այլ քրեական գործեր, որ վերաբերում են Պաշտպանության նախարարության կարիքների համար զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ ու խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերին: