Սյունիքի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Սառնակունք գյուղում է: Համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը լսեց նրանց մտահոգությունները, պատասխանեց հարցերին:
«Հայրենիքի համար ընկած տղաները փրկել են Արցախի ժողովրդին ցեղասպանությունից: Սա ամենակարևոր արձանագրումն է: Երկրորդն էլ՝ իրադրությունը զարգանում էր այնպես, որ այդ պահին դա չանելը կնշանակեր տասնյակ հազարավոր զինվորների կյանքը դնել կասկածի տակ: Որոշումը կայացվել է, որովհետև այդ պահին այլ տարբերակ լինել չէր կարող: Հետագա որոշումները կրկին կայացվում են մի բանի համար՝ որ Հայաստանի շուրջ հաստատվի կայունություն, և պրոցեսներն անվերահսկելի ընթացք չունենան»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը՝ փարատելով քաղաքացիների անհանգստությունը:
«Ոչ մեկը Սյունիք չի մտել, և Սյունիքից ոչ մի բան չի տրվել. եկեք հասկանանք սա: Ամեն ինչն արվում է, որ Սյունիքի անվտանգությունն ապահովվի, և հավելյալ երաշխիքներ ստեղծվեն: Բոլոր գործողությունները վերաբերում են դրան: Կան սահմանների որոշակի կետեր, և դրանց շուրջ մեր սահմանապահներն են տեղակայվում, և որպես հավելյալ երաշխիք՝ ռուս սահմանապահ զորքերի ուժերն են տեղակայվում»,- նշեց վարչապետը:
Համայնքի բնակիչներից ոմանք էլ Փաշինյանին առաջարկեցին գավաթ բարձրացնել հայրենիքի սահմանները պահած, հանուն հայրենիքի ընկած զինվորների համար:
«Այսօր սգի օր է, և մենք այսօր շարունակում ենք մեր խոնարհումը, հարգանքի տուրքը մեր նահատակներին, բայց նաև արձանագրում ենք, որ Հայաստանը, Արցախը, Սյունիքը հանուն իրենց պետք է ապրեն, զարգանան, և մեր երկիրը պիտի զարգանա: Պիտի համախմբվենք իրար հետ: Ձեր ասած հարցերին լուծում կգտնենք: Երեկ շատ կարևոր բան է տեղի ունեցել: Անտառներում մնացած մեր 6-հոգանոց զինվորների խումբը դուրս է բերվել: Չնայած սգի օր է, բայց դա տրամադրություն է փոխել, որովհետև մենք բոլորս ինչ-որ լուսավոր կետ ենք փնտրում»,- նշեց վարչապետը:
«Խոսքը մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց եթե հրաժարական տաք, ուրեմն դուք մեզ դավաճանել եք, պարոն վարչապետ»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը: