Տիգրան Հեքեքյանի հիմնած «Կոմիտաս փառատոնի» նախաձեռնությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի հետ համատեղ, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, տեղի է ունեցել Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգ:
Հաշվի առնելով, որ ֆեդերացիան ունի միլիոնավոր անդամներ, օգտագործվեց նաև իրենց ֆեյսբուքյան հարթակը՝ համերգն առցանց հեռարձակելու համար:
Միջոցառման մեկնարկը տրվեց անգլերեն ուղերձով՝ ուղղված միջազգային հանրությանը. «Միանում ենք՝ երգելու խաղաղության, միասնության, սիրո և բացարձակ արժեքների մասին, հանուն որոնց ապրել ենք դարեր շարունակ: Սակայն այսօր հայի սիրտը չի երգում»:
Նպատակն էր՝ օգտագործել առիթն ու բազմամիլիոնանոց հանդիսատեսին ցույց տալ թշնամու իրական դեմքը, հայոց աշխարհում և Արցախում նրանց ծավալած ազգասպան գործունեությունը, պատերազմի ծագման իրական պատճառները, հրադադարից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակի ճշմարիտ պատկերն ու Հայաստանի տեսակետն այդ ամենի մասին:
Չնայած համավարակին՝ 210 երգիչներ ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից, մասնակցեցին համերգին:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տավուշից և Արցախից ժամանած երգչախմբերը մեկ բեմում էին մայրաքաղաքի երգչախմբերի հետ, իսկ համերգի ընթացքում ուղիղ կապով առցանց միացան երգչախմբեր սահմանամերձ Բերդից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և Գերմանիայից:
Համերգի ավարտին բոլոր մասնակից երգչախմբերը կատարեցին «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը: