Կիրակի ուշ ժամի «Կատյուշա» հրթիռային կայանքներից առնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Դեսպանատան պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ տակտիկական կայանքները փորձել են կանխել արձակված հրթիռները: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Ամերիկյան դեսպանատունը Բաղդադի «կանաչ գոտում» է, որտեղ տեղակայված են Իրաքում դիվանագիտական ներկայացուցչություններն ու պետական հիմնարկները: Հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել «կանաչ գոտու» մերձակայքում ընկած հրթիռները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի անվտանգության ծառայությունները փնտրում են այն կայանքները, որտեղից հրթիռներ են արձակվել:
Տարածաշրջանում իր հարևանների հետ լարվածության ֆոնին Թուրքիան ծովային զորավարժություններ է իրականացրել Միջերկրական ծովի արևելքում: Թուրքիան վեճի մեջ է ԵՄ անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելքում վիճելի ջրերում էներգետիկ ռեսուրսների որոնումների պատճառով:
Զորավարժությունները հաջորդել են Եվրամիության կողմից դեկտեմբերի 10-ին Անկարայի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներին: Դրանք հաստատվել են տարածաշրջանում Թուրքիայի «անօրինական և ագրեսիվ» գործողությունների պատճառով: Ուրբաթ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ասել է, որ Թուրքիան ցանկանում է նոր էջ բացել Եվրամիության հետ հարաբերություններում: Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի դիրքորոշումը «կառուցողական» է, իսկ Հունաստանը խուսափում է բանակցություններից:
Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին` կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով, որը, ըստ բրիտանական իշխանությունների, 70%-ով ավելի վարակիչ է, քան արդեն հայտնի տեսակը: Այս որոշման մասին հայտարարել են հիմնականում Նիդեռլանդները, Իտալիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան և Իռլանդիան: Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Եվրամիությանը մշակել համակարգված մոտեցում: Հարցն այսօր ԵՄ Խորհուրդը Գերմանիայի նախագահությամբ կքննարկի Բրյուսելում: Կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել նաև Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում: Բրիտանական փորձագետները հայտարարում են, որ դեռ չեն գտել ապացույցներ, որ հաստատում են կորոնավիրուսի նոր տեսակի դեպքում մահացության մեծ թվի հավանականությունը: Անցած յոթ օրվա ընթացքում երկրում հայտնաբերված վարակի դեպքերի քանակը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 40%-ով: