Դեկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Կարմիր մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանում և Իրանում ստեղծված վիճակին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև այդ ոլորտում իրականացված համագործակցությանը։
Դեսպան Թումանյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված ծանր վիճակը և դրա հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մեծ ծավալները։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանին և Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնության հնարավորությունները և երկուստեք համաձայնել, որ դա իրապես կծառայի կարիքի մեջ հայտնված մարդկանց, մյուս կողմից՝ այն համահունչ կլինի երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: