Արման Հակոբյանը պատերազմը սկսվելու հաջորդ օրը Շուշիից ընտանիքին Հայաստան է բերել, հետո շտապել Արցախ՝ հայրենի հողը պաշտպանելու: Հիմա ընտանիքի կողքին է՝ հավատով, որ մի օր իրենց տուն են վերադառնալու: Կինը՝ Սոնան, պատմում է՝ 5 երեխաներից երկուսը տատիկի հետ Արարատի մարզում են, ավագ որդին արյան քաղցկեղ ունի: Ընտանիքը տեղավորվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում՝ արցախցի ևս 11 ընտանիքի հետ:
Փոքրիկների համար գրեթե ամեն օր միջոցառումներ են անցկացնում: Երեխաները համակարգչով ամանորյա բացիկներ են պատրաստում: Քաշաթաղից Ռոման Գասպարյանն ասաց՝ իր բացիկը ամբողջ հայ ազգի համար է անում: «Կգրեմ, որ խաղաղություն լինի հայերի համար, և Հայաստանը դառնա ոչ թե ծովից ծով, այլ աշխարհից աշխարհ երկիր»,- ասաց Դավիթը:
Քաշաթաղից 11-ամյա Ալլան էլ պատմեց, որ օրն այստեղ թեև հագեցած է, Արցախը միշտ մտքում է: Շատ կուզեր, որ ամանորյա հրաշք լիներ, ու այնտեղ մնացած բոլոր խաղալիքներն ու իրերը կարողանային հետ բերել:
Մի կարևոր ցանկություն էլ ուներ Ալլան. «Շատ եմ ցանկանում, որ խաղաղություն տիրի, և խաղաղությամբ հանգչեն մեր հայ զինվորների հոգիները»:
Համակարգչով բացիկներ պատրաստելուց հետո փոքրիկ արցախցիները տեղափոխվեցին հեքիաթների աշխարհ: Հեքիաթաթերապևտ Գայանե Վարդանյանն ասաց, որ հեքիաթների միջոցով փորձում է օգնել երեխաներին՝ հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած վախերը:
«Ունենան ինքնաճանաչում և այդ վախը օգտագործեն ի շահ իրենց, որպեսզի վախի միջոցով ոչ թե սթրեսներն արթնանան, փակվեն երեխաները և սպասեն՝ հաջորդ վախին ինչ պետք է անեն, այլ այդ վախի միջոցով այնքան լուսավորվեն, որ վախն օգտագործեն իրենց հոգու հասունանալու, իրենց սրտի լույսը ճառագելու համար»,- ասաց Վարդանյանը:
Մասնագետը վստահեցրեց՝ նման պատմությունների միջոցով փոքրիկները հեքիաթային աշխարհ են ստեղծում թե՛ իրենց հոգում, թե՛ կյանքում: