70 օր կյանքը կանգ էր առել պատերազմի զինվորներից Ռուսլան Թումանյանի ընտանիքում: Դեկտեմբերի 20-ին ժպիտը տուն վերադարձավ:
Աննա Թումանյան (Ռուսլան Թումանյանի հորաքույրը) - Ցնծությանն ու ուրախությանը, չեմ կարող բացատրել: Երեկ մեր ամենաերջանիկ օրերից մեկն է եղել:
Ռուսլանին դեռ չեն տեսել: Ստեփանակերտի հոսպիտալում միայն մորաքույրն է այցելել նրան: Ավելի քան երկու ամիս անհայտ կորած զինծառայողների գտնվելու մասին լուրը լսել են, աղոթել, միայն թե իրենց զինվորն էլ լինի գտնված տղաների խմբում:
Աննա Թումանյան - Ասացի՝ Աստված տա՝ էդ 6 հոգու մեջ մեր երեխան էլ լինի: Ռուսլանի փոքր եղբայրն է. կողքի սենյակում փռշտաց: Միշտ աղոթել ու հավատացել ենք, որ Ռուսլանը վերադառնալու է:
Դավիթն անհամբեր է սպասել ավագ եղբորը: Զինվորի վերադարձի մեծ սպասումով ու հավատով՝ հորաքույր Աննան նրան Նարեկ է նվիրել: Առաջիններից մեկն էլ ինքն է զանգել, խոսել Ռուսլանի հետ:
Դավիթ Թումանյան (Ռուսլան Թումանյանի եղբայրը) - Ասաց՝ կոմպն արդեն ջարդել ե՞ս, թե՞ չէ:
Դավիթը համակարգիչը խնամքով պահել է: Եղբորից ամենահետաքրքիրը, որ կուզեր լսել՝ որտեղ, ինչպես են տղաներն անցկացրել դժվար օրերը:
Ռուսլան Թումանյանը զորակոչվել է ամռանը: Ցանկությունն իրականացել է, ծառայությունն անցկացնում էր Մեխակավանում: Անհետ կորած բոլոր զինծառայողների համար են մոմ վառել, Ռուսլանին փնտրելիս լսել ամենաանհավանական պատմությունները, չեն հուսահատվել, սպասել են:
Լիլիթ Պետրոսյան (Ռուսլան Թումանյանի մայրը) - Ամենաերջանիկ մաման: Դեռ չգիտենք՝ որտեղ են եղել, ինչպես են փրկվել:
Աննա Թումանյան - Արդեն երջանկության արցունքներն են:
Պատերազմի ամենաթեժ օրը Ռուսլանը չի մոռացել տատին, զանգել, շնորհավորել է տարեդարձը: Հարցրել Արցախում կռվող ընկերներից՝ Դավիթից ու Էդուարդից: Հետո մի անգամ էլ տուն է զանգել, հոկտեմբերի 8-ից նրա հետ կապն ընդհատվել է:
Կարինե Թումանյան (Ռուսլան Թումանյանի տատը) - Էդ ամենա... չգիտեմ նվերն էր ինձ համար, որ դու զանգեցիր: Պատերազմի ժամանակ չես մոռացել, որ տատիկ կա, ու ծնունդ ունի, ամսի 8-ից՝ վերջ, կապ չի եղել:
Վարուժան Մարգարյանն Արցախում 2014-ին վիրավորվել, փրկվել է: Օրհնած խաչով է Ռուսլանին բանակ ճանապարհել, կասկած չի ունեցել՝ Ռուսլանը ևս փրկվելու է:
Վարուժան Մարգարյան (Ռուսլան Թումանյանի զարմիկը) - Ասում եմ՝ ինչի կարիք ունես, ասումա ՝ ֆլեշկայով երեք հատ կինո բեր:
Կարինե Թումանյան - Ապրես, Լուսյա ջան, ապրես...
Աչքալուսանքն ու հեռախոսազանգերը չեն դադարում: Կատարվածն ընտանիքը հրաշք է համարում, երազում, որ այն մյուսների տուն էլ մտնի: 2021-ից ընտանիքի միակ ցանկությունն է: Ուրախությունից գիշերը չեն քնել՝ չարթնանան, ու հանկարծ երազ լինի: