Վանաձորում ԱԱՏՄ ստուգայցն արձանագրել է դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն և նորմերին չհամապատասխանող գրանցամատյաններ. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Վանաձոր քաղաքում ստուգայցերի ժամանակ։
Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը «Հայփոստի» բաժանմունքում, դպրոցներում, մանկապարտեզներում, դեղատներում և առևտրի կետերում։
Քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում ԱԱՏՄ տեսուչները խախտումներ չեն արձանագրել։
Ստուգայցերին զուգահեռ տեսչականի աշխատակիցները իրազեկման թերթիկներ են փակցնում ուսումնական հաստատություններում։
ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ մյուս տնտեսվարողների մոտ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսվարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։