Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում շարունակվում են 1,6 հա ընդհանուր մակերեսով այգու հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները, տեղեկացնում են վարչական շրջանի տեղեկատվական բաժնից:
Այս պահին ընթանում են մինի ֆուտբոլի դաշտի նորոգման, ոռոգման ջրագծի անցկացման, եզրաքարերի տեղադրման, ճեմուղիների հիմնանորոգման, շատրվանի կառուցման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել այգու բոլոր ճեմուղիները, կառուցել նոր ցայտաղբյուրներ ու շատրվան, կտեղադրվեն շուրջ 10 զրուցատաղավար, 100-ից ավելի նստարան, մոտ 70 աղբաման, եղած մանկական խաղերին ու մարզասարքերին կավելանան նորերը, երեխաների համար կստեղծվեն ավազե ծածկույթով հատուկ վայրեր, կլուծվեն նաև այգու ոռոգման ու լուսավորության խնդիրները։
Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է այգին բաժանել հանգստի, մարզական և խաղային գոտիների։
Նշենք, որ 1,6 հա տարածք ընդգրկող այգին հանգստի և ժամանցի հիմնական վայրն է հարակից 12 շենքի շուրջ 4400 մեծ ու փոքր բնակիչների համար։