ԱՄՆ նոր վարչակազմը 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար պետք է թարմացնի ամերիկյան քաղաքականությունը՝ գրում է The New York Times-ը: Այս կարծիքին է Ռոբերտ Գեյթսը, որը 2006-2011 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը:
Ըստ նախկին պաշտոնյայի՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր արտաքին քաղաքականությունը ձևավորում է երեք թեմաների շուրջ՝ վերականգնել գործակցությունն Ամերիկայի ընկերների և դաշնակիցների հետ, նորացնել ԱՄՆ-ի մասնակցությունը միջազգային կազմակերպություններում և հիմնականում ապավինել իշխանության ոչ ուժային կառույցներին: Յուրաքանչյուրում անհրաժեշտ է բարեփոխել, վերականգնել և վերակազմավորել ամերիկյան մոտեցումը: Պաշտպանության նախկին նախարարը, այնուամենայնիվ, համոզված է, որ ԱՄՆ ռազմական հզորությունը պետք է պահպանվի աշխարհի հետ Վաշինգտոնի հարաբերություններում:
ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես նաև Ճապոնիան, Հարավային Կորեան կողջունեն Թրամփի առճակատման քաղաքականությունից հետո Ամերիկայի կողմից իր անվտանգության պարտավորությունների վերահաստատումն ու անցումը հարգալից երկխոսության: Գեյթսի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի Թրամփի քաղաքականությունը, որը դաշնակիցներից պահանջում էր ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա:
Սակայն, ըստ նրա, չպետք է կենտրոնանալ միայն ռազմական ծախսերի ուղղությամբ: Նոր վարչակազմը պետք է կոշտ դիրքորոշում ունենա դաշնակիցների նկատմամբ: Գերմանիան, օրինակ՝ պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն ռազմական խղճուկ ծախսերի, այլև Լեհաստանի և Ուկրաինայի տնտեսական և անվտանգության շահերի պաշտպանության համար՝ ասել է ԱՄՆ նախկին պաշտոնյան: