«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական և միջազգային բազմաթիվ նախագծերի։
«Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է 46 նախագծերի։
Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։
Միաժամանակ, «Ավրորան» շարունակում է #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ անելով բոլորին՝ արտահայտել իրենց երախտագիտությունը գործով և երկրորդ հնարավորություն պարգևել դժվարին դրության մեջ գտնվողներին։
Նախաձեռնությունը նաև Արցախ է հրավիրում համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել օգնության ծրագրերը։