Եռօրյա սգի երկրորդ օրը Հայաստանի բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ Արցախյան պատերազմում նահատակվածների հոգիների հանգստության համար։ Գայանե վանքում պատարագը մատուցեց Զաքարիա վարդապետ Բաղումյանը։
10-օրյա արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայող Հայկազ Վարդանյանը պատարագին մասնակցելու առիթը բաց չի թողել։ Նախկին ճեմարանականին հանգիստ չեն տալիս պատերազմի ծանր հիշողությունները, որոնցում իր զոհված ընկերների սխրանքներն են ամենաթեժ կռիվներում։
Հայկազ Վարդանյան (ժամկետային զինծառայող) - Դրանք իմ ընկերների քաջություններն են, որ կազմակերպված կատարեցինք ամեն գործողություն։
Աղոթք հնչեց նաև պատերազմում վիրավորների, գերիների և անհետ կորածների համար։ Ժողովուրդը հոգևոր հայրերի հետ խնդրեց Բարձրյալին՝ վիրավորներին ապաքինում, իսկ գերիներին ու անհետ կորածներին՝ազատություն պարգևի։ Տիկին Սոֆյայի որդին ավելի քան 40 օր անհետ կորած էր։ Օրերս համացանցում տեղադրված տեսանյութերից մեկում որդուն տեսել է գերեվարված։ Աղոթքները զինվոր որդու և մնացած գերիների վերադարձի համար են։
Սոֆյա Գալստյան - Բոլորը վերադառնան, փառք Աստծո, տղաս գերեվարված է, սպասում ենք վերադարձին։
Մայր Աթոռի միաբանն ասում է, որ պատերազմը բազմաթիվ անդառնալի կորուստեր ու ցավ պատճառեց, բայց դա հուսահատվելու պատճառ պետք է չդառնա: Հիշեցնում է՝ հայոց պատմությունը շատ դժնդակ օրեր է ունեցել, բայց շնորհիվ մեր հավատքի ու դժվարությունների ժամանակ համախմբվելու կարողության, ոտքի ենք կանգնել։
Տեր Վաչե աբեղա Մկրտչյան (Մայր Աթոռի միաբան) - Խաչը կրելու ճանապարհի ընթացք է սա, որը պիտի պսակվի Քրիստոսի հարությամբ, այսինքն՝ լուսավոր հաղթանակով, որ ունենք նախօրինակ Քրիստոսի հարությունը։ Սրան պիտի հավատանք, որովհետև թոհուբոհով եկել հասել ենք 21-րդ դար։
Վիշտն ու սուգն Աստված փարատում է իր սուրբ հոգու մխիթարությամբ և սփոփիչ զորությամբ. նահատակների հիշատակի խոսքում ասաց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Հայոց հովվապետը կոչ արեց համազգային ուժերով դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին, արժանապատվորեն հաղթահարել քաղաքական և հասարակական ճգնաժամերը։
Իսկ նախկին ճեմարանականն ու հայոց բանակի զինվորը, որ պատարագի ամբողջ ընթացքում հանգստություն էր խնդրում զոհված ընկերների հոգիների համար, փոքր-ինչ թեթևացած սրտով չորս օրից կվերադառնա դիրքեր, որ ևս յոթ ամիս ծառայի հայրենիքին։