44 օրյա պատերազմից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերն անհրաժեշտ է եռապատկել՝ ահազանգում է ֆոնդի տնօրենը։ Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ 1000 դրամի փոխարեն ամենամսյա պարտադիր վճարները պետք է կազմեն առնվազն 3000։ Սահմանին ու պատերազմում վիրավորվածներին, զոհվածների ու անհետ կորած ընտանիքներին վճարելու համար հիմա 23 միլիարդ դրամի դեֆիցիտ կա, ու սա միայն նախնական հաշվարկով։
Վարուժան Ավետիքյան («Զինծառայողների ապահովագրության»հիմնադրամի տնօրեն) - Հիմնադրամը երկու խնդիր է դրել, որ կարողանանք մեր պարտավորությունը կատարել:
Մինչև սեպտեմբերի 27-ը հիմնադրամի շահառուները 416-ն էին։ Արցախյան այս նոր պատերազմի արդյունքում նրանց թիվը կտրուկ աճել ու աճում է։ Առայժմ հատուցում տալու որոշում է կայացվել ևս 475-ի դեպքով։ Ավետիքյանի կանխատեսմամբ՝ վերջնական թիվը կանցնի 6000-ի սահմանը։
Վարուժան Ավետիքյան - Երբ հարցնում են՝ ինչ պլան Բ ունես, ասում եմ՝ չկա պլան Բ, միայն պլան Ա ունեմ՝ բոլորին հասնելը:
1000+ հիմնադրամի տնօրենի ահազանգը նաև Կառավարություն է հասել։ Պարտադիր վճարներն ավելացնելու նախագիծի վրա այդտեղ արդեն աշխատում են։ Ավետիքյանը վստահ չէ, որ օրենքը կհասցնեն հունվարից փոխել, բայց տեղյակ է՝ քննարկում գնում է։
Վարուժան Ավետիքյան - Որքան ես հասկանում եմ՝ Կառավարության հակվածությունն այն է, որ լինի տարբերակված մոտեցում, ըստ աշխատավարձի չափի։
19-ամյա ժամկետային Խաչիկը, ամենայն հավանականությամբ, կդառնա հիմնադրամի շահառուներից մեկը։ Մարտունիում նոյեմբերի առաջին օրերին է վիրավորվել։ Պատմում է՝ աջ աչքը կորցրեց, երբ փորձում էր դուրս բերել դիրքերում՝ հողի տակ մնացած ընկերներին, հառակորդի ինքնաթիռից նետված երկու արկը կողքով անցան, երրորդը, սակայն, ճակատագրական եղավ։
Վիրավոր զինծառայողներից հիմնադրամի շահառու դառնում են առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։ Բայց մինչև գործը կհասնի կարգ ստանալուն, դեռ բուժման ու վերականգնման տևական փուլ կա։ Ու որպեսզի այդ ընթացքում պետությունը զինվորներին մենակ չթողնի, գործադիրը մշակել է Կամուրջ ծրագիրը։ 200 հազար բյուջեից, 100-ն էլ՝ հիմնադրամից, կգումարեն իրար ու 6 ամիս շարունակ 300 հազար կվճարեն վիրավոր զինվորին։ Սրանից օգտվելու համար էլ պետք է բժշկական հաստատությունից թուղթ ստանալ, ներկայացել։ Բայց այն, որ այսպիսի ծրագիր կա, ոչ բոլորը գիտեն: Խաչիկը, օրինակ, հիմնադրամի գոյության մասին մեզանից տեղեկացավ։ Ասաց՝ ոչ ոք իրեն չի ուղղորդել, չի պատմել։ Վարուժան Ավետիքյանը չի բացառում, որ տղաների որոշ մասը կարող է տեղեկացված չլինել, նշում է՝ հիմա կապն ակտիվացրել են գյուղապետարանների ու մարզպետարանների հետ, նրանց միջոցով կփորձեն ոչ ոքի անտեսված չթողնել։
«Կամուրջ» ծրագրով 6-ամսյա դրամական օգնություն կստանան անհետ կորածների ընտանիքները։ Խոսքը 300 հազար դրամի մասին է՝ գումարն էլ հիմնադրամին Կառավարությունն է տալու։ Գործադիրն այս ընթացքում փոխում է նաև օրենքը, որ անհետ կորածի իրավական կարգավիճակը դատարանը տա ընդամենը մի քանի ամսում։
Վարուժան Ավետիքյան - Արդեն փետրվարին կկարողանան դիմել դատարան ու խնդրեն, որ այդպիսի կարգվաիճակ շնորհվի:
Պատերազմի առաջին օրվանից հիմնադրամը 5,5 մլրդ նվիրաբերություն է ստացել, սա գումարվել է պարտադիր վճարներից տարեկան հավաքվող 7,5 միլիարդին, նաև ֆոնդի միջոցների կառավարումից ստացած 6 միլիարդին։ Քաղաքացիներին ու նաև սփյուռքի հայերին Ավետիքյանը կոչ է անում ակտիվ լինել, հիշեցնում՝ փոխանցված ամեն դրամը տարիների ընթացքում դառնում է զինծառայողի ընտանիքի կարևոր ֆինանսական աղբյուր։ Զոհված, անհետ կորած, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողին կամ նրա ընտանիքին միանվագ 10 միլիոնից բացի 20 տարի ամսական 200-300 հազար դրամ է փոխանցվում։ Իսկ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողը միանվագ 5 միլիոն դրամ է ստանում, ապա 100-200 հազար ամսական՝ կրկին 20 տարի շարունակ։