Հայաստանի սահմանների ճշգրտման մասին քաղաքական գործիչների հայտարարությունների արդյունքում հանրության մեջ մոդայիկ դարձավ GPS բառը: Ի՞նչ է GPS-ը, որով ադրբեջանցի զինվորականները հայկական կողմից պահանջում են հետ քաշել պետական սահմանի որևէ հատված, զիջել հանքը կամ միջպետական ճանապարհներ:
Ալեքսանդր Սահակյանը Կադաստրի կոմիտեում ի պաշտոնե զբաղված է պետական սահմանների սահմանազատման, այսինքն՝ հաստատված քարտեզների հիման վրա դաշտային պայմաններում այդ քարտեզների գծերը իրականացնելու աշխատանքով: Մինչև սահմանազատումը, սակայն, կա սահմանագծման փուլ:
Աշխարհում գոյություն ունի երկու հիմնական տեղորոշման համակարգ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատկանող GPS-ը և Ռուսաստանի Glonass-ը: Ամերիկյան GPS-ն աշխատում է Երկրագնդի շուրջ տեղակայված 32, ռուսական Glonas-ը՝ 24 արբանյակների արձակած ռադիոալիքներով: Ընդունիչ սարքերը կարող են ավելի մեծ անհամապատասխանություն ունենալ, եթե ստանում են միայն մեկ տեղորոշման համակարգի տեղեկատվություն:
Ստացվում է, կարող են խնդիրներ լինել ոչ միայն տեղորոշման համակարգերի, այլև որպես հիմք ընդունվող քարտեզների առումով: Գեոմատիկայի կենտրոնը կատարում է մասնագիտական հաշվարկները:
Աստղաֆիզիկոս Կարեն Թոխաթյանը, որ ոտքով անցել է Արցախի ու Հայաստանի գրեթե ամբողջ սահմանամերձ տարածքներով, ասում է, որ GPS սարքով աշխատելուց առաջ պետք է ձեռքի տակ ունենալ երկկողմ համաձայնեցված քարտեզ՝ թղթի վրա կամ էլեկտրոնային տարբերակով:
Թե ինչու է Ադրբեջանի ներկայացրած քարտեզներում Հայաստանը միշտ հայտնվում զիջողի դերում, մասնագետները կապում են քարտեզագրման արևմտյան և ռուսական սկզբունքների հետ: Այն, ինչ գրված ու գծված է քարտեզում, պատկերվում է GPS սարքի էկրանին՝ ցույց տալով տեղորոշումը:
Քարտեզների համաձայնեցումից հետո միայն GPS սարքը ցույց կտա ճիշտ տեղորոշում, որը կբավարարի երկու կողմին:
Տեխնիկական աշխատանքներից առաջ, սակայն, կա դիվանագիտական գործընթաց, որի արդյունքում կարող են շեղվել նաև խորհրդային կամ ամերիկյան քարտեզներից՝ կախված նրանից, թե կողմերն ինչպես են բանակցում տարածքները կիսելու համար:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան