Ամբողջ գիշեր նույնպես այստեղ աշխատանքային է. Դատաբժշկական կենտրոնն է: Զոհվածն իրենց զավա՞կն է, թե՞ ոչ, պարզելու համար զինվորի ծնողից վերցրած արյունն ու պատերազմական գոտուց դուրս բերված անճանաչելի մարմիններն այստեղ են ԴՆԹ փորձաքննության ենթարկում:
Դիանա Հարությունյան (ՀՀ ԱՆ Հանրապետական Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական փորձագետ) - Տարբեր փորձանմուշներ տարբեր ԴՆԹ-ի անջատման փուլերով են անցնում: Եթե խոսքը գնում է արյան մասին, դա ավելի կարճ ժամկետներ են: Ցավոք սրտի, հիմա խոսք է գնում արդեն միայն ոսկրային հյուսվածքի հետ աշխատելու ...
Ոսկրային հյուսվածքից մարդու գենետիկ կոդ համարվող ԴՆԹ-ն անջատելու համար պահանջվում է մոտ 7 օր, եթե, իհարկե, լաբորատոր նմուշը չի ենթարկվել ԱԹՍ-ի առաջացրած բարձր ջերմային կամ այլ տիպի արտաքին ազդեցության, բացատրում է փորձագետը:
Դիանա Հարությունյան - Մեր պարագայում մենք ունենք պրոբլեմ, որ նման ոսկրային հյուսվածքները արտաքին տարբեր ազդակներով ենթարկվել են փոփոխությունների:
Ո՞ր դեպքում է իրականացվում ԴՆԹ նույնականացում, որոշում են ոչ թե դատագենետիկները, այլ Զինվորական քննչական գլխավոր վարչությունը:
Ծնողները պետք է քննիչներին դիմեն և՛ արյուն հանձնելու, և՛ հետո փորձաքննության արդյունքն իմանալու համար, գրված է ամենուր, բայց կյանքը հայրենիքին տված երեխայի մարմինը գոնե հողին հանձնելու հույսով շատերը կենտրոնի բակից օրերով չեն հեռանում՝ անկախ հանգամանքից, թե լաբորատոր փորձաքննությունն ինչքան ժամանակ կպահանջի:
Դիանա Հարությունյան - Լինում են փորձանմուշներ, որ ստացվում են առաջին անգամից, ունեցել ենք փորձանմուշներ, որ, ցավոք, կրկնվել են 4 անգամ, կատարվել է կրկնակի նմուշառման գործընթաց տվյալ մարմնից: Ունեցել ենք դեպքեր արդեն, որից պիտանի նմուշներ չենք կարողացել հայտնաբերել: Իհարկե, դեռ շարունակելու ենք աշխատել նրանց հետ:
Ըստ Դիանա Հարությունյանի՝ իրենց կենտրոնը զինվորների ճանաչման ԴՆԹ փորձաքննություն սկսել է իրականացնել պատերազմի առաջին օրերից: Այս փուլում դադարեցված են նույնիսկ քրեական գործերով կատարվող բոլոր աշխատանքները:
Ըստ Առողջապահության նախարարության ամփոփ վերջին տվյալների՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 2 996 զինծառայողի մարմին
ԴՆԹ նույնականացման նպատակով հարազատներից վերցվել է 1816, նահատակների մարմիններից՝ 993 նմուշ, հետազոտման փուլում է 256 հարազատի և 541 զոհվածի նմուշ, դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 302 մարմին:
Չնույնականացվող դեպքերում և՛ զինվորի, և՛ ծնողի փորձաքննության տվյալները մտնում է բազա, որ ամեն նոր արդյունքի հետ համակարգը նորից համեմատի ու նորից ստուգի արյունակցական կապը:
«Ձգձգվող գործընթացը տանջում է զոհերի հարազատներին» մեղադրանքը իրենք էլ են լսել, բայց ասում են՝ պատճառը տեխնիկական է. սա երկրում ԴՆԹ թեսթավորում իրականացնող միակ լաբորատորիան է, գերժամանակակից՝ բայց միայն մեկ սարքով: Շաբաթը 7 օր, օրը 24 ժամ համակարգը կա՛մ աշխատանքի ցիկլում է, կա՛մ տվյալներ հանելու: Ինչքան շատ նմուշ են մուտքագրում, այդքան երկար է մշակում:
Երկրորդ հոսքագծի համար Կառավարությունը պայմանագիրն արդեն կնքել է. սարքը շուտով կենտրոն կհասնի: Մինչև այդ դատագենետիկները հորդորում են տեխնիկան չծանրաբեռնելու նպատակով խուսափել նույն զոհվածի համար ընտանիքի մի քանի անդամով փորձաքննության մասնակցելուց: