Հավկիթն առաջիկայում չի թանկանա, հնարավոր է նույնիսկ գնի նվազում, քանի որ արտադրության ծավալներն աստիճանաբար ավելանում են՝ համոզված է Թռչնաբույծների միության նախագահը:
Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Գնաբարձրացումը, որ տեղի է ունեցել, արդեն կանխել ենք, և առաջիկայում նույնիսկ հնարավոր է, որ կայունացումը բերի գների նվազման:
Թե որքան կնվազի ձվի գինը՝ Թռչնաբույծների միության նախագահը դժվարանում է ասել. կախված է արտարժույթի տատանումից: Ձվի գնի թանկացումը, ըստ փորձագետի, պայմանավորված էր Ռուսաստանում և Ուկրաինայում թռչնակերի գնի բարձրացումով:
Սերգեյ Ստեփանյան - Պատճառաբանում էին, որ նրանք էլ իրենց պաշարներն էին կուտակում՝ պայմանավորված համավարակով: Մոտավորապես, գնաճը տեղի ունեցավ 35-38 տոկոս մեր արտադրանքի մեջ, մսի և ձվի կերային ռեսուրսները կազմում են 60 տոկոս:
Հավկիթի գնի բարձրացման վրա ազդել է նաև մայրական կազմի համալրման նպատակով ներկրման ձգձգումը: Մարտից նոյեմբեր թռչնի մայրական հոտը չի թարմացվել: Թեև ուշացումով, սակայն հաջողվել է Նիդերլանդներից Հայաստան ներկրել 200 հազար գլխաքանակ մայրական կազմ և ինկուբացիոն ձու:
Սերգեյ Ստեփանյան - Ներկրված խմբաքանակը և ինկուբացիոն ձուն արդեն դեկտեմբերի սկզբից մտել են ածի տակ, այսինքն՝ մենք ավելացրել ենք արտադրական ծավալները գրեթե բոլոր ֆաբրիկաներում:
Ձվի գնի բարձրացմանը նպաստել են նաև առևտրային կազմակերպությունները՝ մոտ 20 տոկոսով բարձրացնելով վերավաճառքի գինը:
Թռչնաֆաբրիկաներից բացթողման գինը տատանվում է 58-ից 61 դրամի միջակայքում, մինչդեռ մեկ ձուն շուկայում վաճառվում է 80 դրամով: Ձվի պակաս չկա և չի լինի նաև հունվար-փետրվարին, վստահ է Ստեփանյանը, ավելին, այժմ հաշվարկում են գարնան պահանջարկը: Որպեսզի երկրում թռչնամսի ու ձվի գնի տատանումներ չլինեն, մասնագետներն առաջարկում են ստեղծել մայրական կազմի թռչնաֆաբրիկաներ ու կերարտադրության ֆերմաներ:
Թռչնակերի տարեկան պահանջարկը 400 հազար տոննա է, որի միայն 100 հազարն ապահովում էր Արցախը: Հիմա արդեն այդ ծավալը չի լինի, ասում է Թռչնաբույծների միության նախագահն ու հավելում՝ կերային բազայի ռազմավարական ծրագիրը պատրաստ է, կոնկրետ քայլեր դեռ չկան:
Մոտ երեք տարի Հայաստան ձու չի ներկրվում, արտադրական տեսանկյունից երկիրը համարվում է ինքնաբավ, սակայն մասնագետներն ասում են, որ առանց կերային արտադրության այս արդյունքը դժվար կլինի պահել: