Հանրապետությունում հայտարարված սգո առաջին օրը ևս 17 ընդդիմադիր ուժերը հանրահավաք էին անցկացնում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանն ասաց՝ այս իշխանությունը կարող էր պատերազմի ելքը փոխել, բայց.
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու - Երբեմն, ասում են, 2.5 տարին քիչ էր: 90-ական թթ-ին 2.5 տարում զրոյից սարքեցինք բանակ և խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Այս նույն վիճակում Ադրբեջանն էր, խայտառակ պարտություն էր կրել: Նույնիսկ եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, և մենք կունենայինք քիչ կորուստներ և հազարավոր երիտասարդներ, որոնք հիմա Եռաբլուրում էին, կվերադառնային իրենց ընտանիքներ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ էր մասնակցում ընդդիմության հանրահավաքին: Ծառուկյանն ասում է՝ այսօրվա կառավարությունը 2,5 տարի միայն ստել է, և իրեն լռեցնելու համար իր նկատմամբ քաղաքական հետապնդումներ են սկսել.
Գագիկ Ծառուկյան, ՀՀ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ - Վայրկյան շուտ իր հրաժարականը դա օգուտ է երկրին, ժողովրդին, պետությանը, տնտեսությանը: Այսօր օր-օրի ավերվում է, քանդվում է, մեծ խնդիրներ ունենք՝ սոցիալական, տնտեսական ու քաղաքական հարցերում:
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը վստահեցնում են՝ դեկտեմբերի 22-ից ավելի գործուն միջոցների կանցնեն: Կլինեն անհնազանդության միջոցառումներ, համատարած դասադուլ և գործադուլ: Դաշնակցական Իշխան Սաղաթելյանն այն համոզմանն է, որ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է, և պարտված երկրի ղեկավարն այլընտրանք չունի:
Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ - «Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը:
Հանրահավաքին հաջորդեց սգո երթը: Վարչապետի հրաժարականը պահանջողներն Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով լուռ քայլեցին դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այնտեղ նրանց էր սպասում Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Հոգևոր տանը մատուցվեց հոգեհանգստյան կարգ: