Շրջակա միջավայրի նախարարությունում մեկ սեղանի շուրջ են հավաքվել բնապահպանները: Քննարկում են երկրի էկոլոգիական խնդիրները, իսկ դրանք քիչ չեն՝ Սևանի հիմնախնդիր, փոքր ՀԷԿ-երի շահագործում, արոտավայրերի սխալ կառավարում, որսագողություն, վայրի կենդանիների պահման պայմաններ, բաց հանքեր: Բնապահպան Նելլի Դռնոյանն ահազանգում է՝ Սոթքի հանքի բաց շահագործումը վտանգում է Սևանը:
Վերջին տարիներին կապուտակ Սևանում մուտացիայի ենթարկված, երկգլխանի ձկներ են նկատել: Սա ծանր մետաղների հետևանք է՝ վստահեցնում է բնապահպանն ու շեշտում՝ նաև կոյուղատար գետերն են աղտոտում Սևանի ջրերը: Առաջարկում է դրանց մաքրման աշխատանքներ ձեռնարկել: էկոլուրի ղեկավարի կարծիքով էլ ինչպես Սոթքի հանքավայրը, այնպես էլ Սյունիքի որոշ հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նորից պետք է ուսումնասիրվի:
Պատերազմից հետո բնապահպանական խնդիրներն ավելացել են: Մասնագետներն առաջարկում են հողի, փայտանյութի նմուշառում անել, ֆոսֆորային զենքի կիրառման վնասը հաշվարկել ու պատերազմական հանցագործությունների փաստերը ներկայացնել միջազգային կառույցներին:
Բնապահպանները նախարարին ներկայացրեցին ոլորտի բոլոր խնդիրները: Կփորձեն լուծումներ տալ՝ վստահեցրեց նախարար Պետրոսյանը, հիշեցրեց՝ ժամանակին գերատեսչությանը կից գործել է հասարարական խորհուրդ, որը երկար տարիներ չի գործում: Հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ գործակցելու համար այդ խորհուրդը նորովի կձևավորվի,- խոստացավ նախարարը: