Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, և այդ կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված: Այդ մասին տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում: «Մենք ազգովի անցել և անցնում ենք մղձավանջի միջով, երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է, թե մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո:
Այս ամենի հետևանքով ձևավորվել է մի մեծ հարցական՝ ինչպե՞ս ենք ապրելու հաջորդիվ և ի՞նչ ենք անելու հետագայում, ո՞րն է լինելու մեր նպատակը, ինչո՞ւ այսպես եղավ:
Ես, իհարկե, ստանձնել եմ կատարվածի պատասխանատվությունը և ասել եմ՝ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որը մեր ժողովուրդը կընդունի, բայց չեմ կարող չասել՝ եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության և ամբողջության մեջ հասկանալու համար, մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից:
Սա, իհարկե, չի նշանակում, որ պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, մեղավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց մեզ իրականության ավելի խոր վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային և բովանդակային բնույթ: Եվ այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են բերել մեր պետական ինստիտուտների համար անգամ:
Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո, իհարկե այո՛, փորձո՞ւմ էի փոխել իրադրությունը, իհարկե այո՛, բայց հիմա առավելևս համոզվում եմ, որ պատմության թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար, դիմադրությունը հուսահատ էր, բայց ոչ անիմաստ: Եվ սա ասում եմ համոզված: Իմ ուղերձի նպատակը հուսահատություն սերմանելը չէ, այլ ընդհակառակն՝ լավատեսություն ու հույս կերտելը, նույնիսկ նրանց համար, ովքեր մտածում են, որ այսպիսով ավարտվում է մեր պատմությունը:
Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք, ակնհայտ է, բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի և ավարտական տրամաբանության մեջ: Հենց այստեղ է իմ ամենամեծ մտահոգությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի և ավարտական այս տրամաբանությունը և շարունակենք վնասել ինքներս մեզ:
Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն, և հենց այսօր, հենց հիմա ուզում եմ չմոռանանք այդ մասին:
Խոսքը նոր կյանք սկսելու մասին չէ, դրա մասին խոսելը վաղ է, բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի՝ հանուն մեր նահատակների, նրանց երեխաների, ծնողների: Իսկ դրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ինչն այնպես չենք արել: Սա թեկուզ ոչ հեռավոր, բայց հետագայի հարց է»,- ասաց վարչապետը: