Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, հասկանալի պատճառներով, դադարեցվել էր այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումից տուժած բնակարանների վերականգնումը: Չեն վարձատրվել նաև աշխատանք կատարած մասնագետները: Այժմ գործընթացը վերսկսվել է: Մարզպետը հավաստիացնում է՝ գումարը կա, կուտակված պարտքերը կմարեն և կհասցնեն մինչև տարեվերջ բավական գործ կատարել:
Հուլիսյան մարտերից հետո Այգեպարում սկսված շինարարական եռուզեռը լռեցրեց 44 օրյա պատերազմը՝ գործը կիսատ մնաց: Սահմանապահ համայնքում սպասում են՝ կգան, կշարունակեն ավարտել, վերացնել Հուլիսյանի հետքերը:
Կիսատ է նաև աշխատողներին աշխատավարձի վճարումը: Արտուշ Քոչարյանը շինարար ընկերների հետ գյուղի վերակառուցման առաջին օրից շինհրապարակում է, պատերազմի առաջին օրերին անգամ աշխատել են, գումարի մի մասը դեռ չեն ստացել:
Սահմանապահ համայնքում ապահով ապաստարան ունենալն առաջնահերթություն է: Տիկին Գրետային իր տան վերանորոգումից ավելի մտահոգում է ամուր ապաստարանի կառուցումը: Թաղամասի բնակիչների ապահով վայրն է:
Շարունակելու են ինչպես վնասված տների, այնպես էլ ապաստարանների կառուցումը՝ վստահեցնում է Տավուշի մարզպետը: Շինարարությունը կանգնել էր պատերազմի ֆինանսավորման առաջնահերթությամբ: Շինարարների մեծ մասն էլ մուրճ ու բահը վայր էր դրել, զենք վերցրել: Կառավարությունն այսօր 167 միլիոն է հատկացրել՝ վճարել շինարարներին, ավարտել աշխատանքը:
Մինչև այդ, պետական ծրագրերին զուգահեռ, համայնքային միջոցներով սահմանապահ համայնքում ակտիվ աշխատանքներ են: Այսքանով այս տարվա շինաշխատանքերը կավարտվեն և վճարումը կիրականցվի: Մնացածը կշարունակվի 2021-ին: