Արդեն երկրորդ տարին է, որ ամերիկյան ու եվրոպական լավագույն բուհերի ծրագրավորողների ամենահեղինակավոր օլիմպիադան՝ ICPC միջազգային մրցույթը, չի անցնում առանց քաղաքական սկանդալի, որը սկսվեց այն պահին, երբ մասնակցության իրավունք ստացավ Արցախի համալսարանի թիմը: Նախորդ տարի թիմն անցավ Թբիլիսիում անցկացվող կիսաեզրափակիչ, բայց վճռորոշ պահին, Ադրբեջանի դրդմամբ, վրացական կողմը Արցախին դուրս թողեց մրցույթից: Սկանդալը շարունակվեց նաև այս տարի:
ICPC մրցույթը ծրագրավորման ոլորտում միջազգային ամենաբարձր հարթակն է, որում ներկայացված են 110 երկրի 3200 համալսարանների լավագույն թիմեր, և որը երբևէ քաղաքականացված չի եղել: Հայաստանը օլիմպիադային միացել է 2001-ից. վերջին 4-5 տարում երկու անգամ ուժեղագույնների հետ հայտնվել է եզրափակիչ փուլում, իսկ արցախյան թիմը նոր է փորձառություն ձեռք բերում:
Ադրբեջանի շահարկումներից հետո օլիմպիադայի հայաստանյան խումբը բողոք է ներկայացրել ICPC-ի կազմկոմիտեին՝ մրցույթի հեղինակությանն անհարիր համարելով քաղաքական շահարկումները, և տևական բանակցությունների արդյունքում կազմկոմիտեն որոշել է, որ Արցախը լիարժեքորեն և հավասար իրավունքով պետք մասնակցի օլիմպիադային: Թիմի մարզիչը սա մեծ պատիվ ու պատասխանատվություն է որակում և արդեն նախանշել է գերխնդիրը:
Իսկ Հայաստանի մայր բուհի թիմն ապրիլին Սանկտ Պետերբուրգում լավագույն 25 թիմի կազմում կմասնակցի կիսաեզրափակչին և մեծ հնարավորություն ունի հայտնվելու ստուգատեսի եզրափակիչ փուլում: