Ֆրանսիայի Իսի լը Մուլինո քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որում կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Բանաձևում, մասնավորապես, նշված է.
«Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ. սեպտեմբերի 27-ին ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:
Պատերազմական գործողությունների պատճառով փախստական դարձած հայ բնակչությանը պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի շուրջ 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը:
Անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ. ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում՝ Իսի լը Մուլինոյի քաղաքային իշխանությունները կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:
Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը»: