Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերն այսուհետ հասանելի են նաև Գավառի պատանիներին: Արդեն իսկ գրանցված 200 պատանիների համար իր դռները բացեց Թումո տուփը, որը կենտրոնի նոր նախագիծն է՝ ուղղված մարզային համայնքների կրթական զարգացմանը:
Թումո տուփն ունի մինչև 320 աշակերտի ներգրավման հնարավորություն: Դասերն անցկացվելու են շաբաթական մեկ կամ երկու օր՝ 4 հերթափոխով, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պայմաններում հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը: Ուսուցումը կատարվելու է Թումոյի կրթական ծրագրով՝ ներառելով բոլոր 14 ուղղությունները: Գավառի Թումո տուփը կապվելու է Դիլիջանի կենտրոնական Թումոյին:
Նախատեսված է Գեղարքունիքի մարզում բացել ևս 8 Թումո տուփ: Հաջորդը լինելու է Սևան քաղաքում: Սա կրթության և տեխնոլոգիաների զարգացման առումով աշխարհի հետ համընթաց քայլելու հնարավորություն է՝ կարևորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Գավառի Թումո տուփի բացման արարողությունը առիթ հանդիսացավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետագա ծրագրերի վերաբերյալ քննարկումների և առաջնահերթությունների սահմանման համար: Ըստ այդմ՝ մինչև տարվա վերջ Թումո տուփեր կգործարկվեն նաև Սյունիքի մարզում:
Սահմանամերձ համայնքների հզորացումը մեր գլխավոր նպատակն է,- նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Գերակա է Թումոյի կրթական ծրագրերը նաև Արցախ հասցնելը: Արդեն իսկ որոշված է՝ Ստեփանակերտում բացել Թումո կենտրոն և տասը տուփեր: