Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջերի ապօրինի որսի մասին։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով` համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
Նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության հետ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
«Անընդունելի է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Շնորհակալություն ենք հայտնում Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակին ահազանգելու համար»,- ասված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։