Երևանի Հանրապետության հրապարակից ժամը 13:00-ին մեկնարկած սգո երթը դեպի Եռաբլուր 44-օրյա պատերազմի նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար էր:
Մինչ սգո երթը շարժվում էր պանթեոն, առավոտից այնտեղ հավաքված քաղաքացիները հայտարարեցին՝ արգելելու են Փաշինյանի մուտքը Եռաբլուր: Նրանց շարքերում էին զոհված զինծառայողների ծնողներ, ազատամարտիկ՝ վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող Աշոտ Մինասյանը, վարչապետի հրաժարականին միացած Դավիթ Շահնազարյանը, որի բնորոշմամբ դավաճանների երթը պետք է պանթեոն չմտնի:
Կոչ ենք արել բոլորին Փաշինյանի հետ նույն երթին չմասնակցել՝ ասաց զինվորական պանթեոնի մուտքը փակողների ակցիային միացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Նրան, հիշեցնենք, հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց համահայկականի փողերը յուրացնելու և դրանք խաղատներում վատնելու համար:
Ըստ Վարդանյանի՝ ժողովրդին դավաճանած իշխանությունը պետք է հեռանա, 16 քաղաքական ուժերի միասնական թեկնածուն էլ վարչապետ ընտրվի:
Եռաբլուրի աստիճաններին հավաքվել էին նաև ազատամարտիկներ: Նրանց կոչով դիմեց 2016 թվականին զինված խմբով ոստիկանության ՊՊԾ գունդ մտած Պավլիկ Մանուկյանը՝ հորդորեց ամեն ինչ անել, որ իրենց գործողությունների հետևանքով ոստիկաններ չտուժեն:
Ակցիային զուգահեռ՝ նաև զոհված զինծառայողների հուղարկավորություններ էին. Եռաբլուրում մթնոլորտը ծանր էր: Մինչև սգո երթը կհասներ մուտքի մոտ, ոստիկանությունը բացեց ճանապարհը: