Ժենգյալով հացի բույրից միանգամից պարզ է՝ ներսում արցախցի կանայք են: Անկյունում՝ վառարանի մոտ, հերթափոխով օրական մինչև 500 հատ թխում են, 800 դրամով վաճառում: Հավաքված գումարով՝ օրվա կարիքները հոգում: Համը որպեսզի չփոխվի կանաչեղենը Երևանից չեն գնում:
Լուիզա Միրզոյան - Արցախի խոտերն են, հա, էնտեղից գտնում-ուղարկում են, մենք էլ ստեղ պատրաստում ենք:
Թթուների մի ամբողջ տեսականի՝ մուտքի մոտ՝ դարձյալ արցախցի կանանց բաղադրատոմսով: Վարունգի, լոլիկի, ձմերուկի, կաղամբի, սխտորի թթուների տեսականին արագ է սպառվում, գնում են, երբ իմանում են վաճառքի նպատակը:
Ռոզա Առաքելյան - Տեսականին շատ-շատ է, գոհացնում է հաճախորդներին, այցելուները շատ են:
Պատերազմի օրերին, այսօր էլ «ՍՕՍ - մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը օգնության ձեռք է մեկնել Արցախից տեղահանված ընտանիքներին՝ ցուցաբերելով բնաիրային և սոցիալական աջակցություն: Կազմակերպած բարեգործական տոնավաճառին հիմնադրամը մեկ հարկի տակ է համախմբել արցախցի կանանց՝ հնարավորություն ընձեռելով վաճառել Արցախի բարիքներն ու ստեղծագործ աշխատանքները:
Անահիտ Ավետիսյան (ծրագրի պատասխանատու) - Օգնել, որպեսզի տեղահանված մարդիկ կարողանան կայանալ մեր աշխատաշուկայում, կյանքը քչից-շատից շարունակվի:
Բարեգործական տոնավաճառը մեկնարկել է դեկտեմբերի 1-ից: Վաճառքից ստացված հասույթով կաջակցեն մոտ 250 ընտանիքի և ավելի քան 1500 երեխայի:
Սպարտակ Սարգսյան («ՍՕՍ - մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն) - Արցախից եկած հայրենակիցները վաճառում են իրենց բարիքները ֆիքսված գներով, եթե գնորդները ավել գումար վճարեն, դա էլ կուղղվի մյուս ընտանիքներին
Տոնավաճառում, կազմակերպիչների խոսքով, արագ սպառվում են Քարվաճառի մեղրը, Հաթերքի մոշի, նռան գինիները: Մարտակերտի Հաթերք գյուղում Սամվելը սկսեց արտադրել գինիներ: Իր շուրջը համախմբեց գյուղացիներին՝ մասնակից դարձնելով արտադրությանը: Մթերում են բերքը, նաև գյուղացիներին հնարավորություն տալիս գինին պատրաստել սեփական բաղադրատոմսով:
Սամվել Միրզախանյան - Արցախի բոլոր բնակավայրերից մթերում ենք, այսպիսով օգնում գյուղացուն, ով արտադրող է, կարողանում է շատ բարձր որակ ստանալ, սակայն շուկա հանելու և բրենդավորման խնդիր ունի:
Պիտակի վրա հատուկ շեշտում են, թե ով է արտադրողը: Դա մարդկանց ոգևորում է, սկսում են ավելի որակով արտադրել: Սամվելի ձեռքին Քարին Տակից հավաքած մոշի գինին է: Հատուկ գրված է՝ Վաչագան պապն է պատրաստել՝ Շուշիից: Մի քանի շիշ է մնացել՝ հանել են վաճառքի: