Արցախի Աղավնո գյուղն է: Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո էլ համայնքի բնակիչների մի մասը չի լքել բնակավայրը: Եթե թողնեն այն, կթուլացնեն Բերդաձորի ենթաշրջանի և Ստեփանակերտի թիկունքը՝ ասում է 23-ամյա Ռոբերտը:
Ռոբերտ Ստեփանյան, Աղավնոյի բնակիչ - Գիտակցում եմ՝ այս ճանապարհի դերը մեծ է: Եթե այս ճանապարհը չլինի, չի լինելու նաև Արցախը, այդ կապը չի լինելու: Մենք թողնում ենք իրենց միայնակ ուրեմն, այդքան մարդկանց թողնում ենք միայնակ:
Գյուղը ռազմավարական մեծ նշանակություն ունի՝ Բերձոր-Գորիս ճանապարհին է: Այսօր համայնքում 50 բնակիչ է ապրում: Երկու զավակի հետ Կարինեն վերադարձել է Երևանից, որ կրկին ապրի այստեղ:
Կարինե Ռամոսյան, Աղավնոյի բնակիչ - Այսքան զոհեր ունեցանք, այսքան երիտասարդի մահ ունեցանք: Մեր երեխաների արյունն է թափված այս հողի համար ու այսպես՝ հեշտ ու հանգիստ, ձեռքերը ծալած հանձնեցին, տվեցին: Գոնե սա պահենք:
Երկու օր առաջ Աղվանոյի ինքնապաշտպանական ջոկատի տղաները զենքերը հանձնել են՝ ռուսական խաղաղապահների պահանջով: Որպես հիմնավորում՝ տեղեկացվել են՝ գյուղը մարդասիրական միջանցքի 5 կիլոմետրանոց հատվածում է:
Անդրանիկ Չավուշյան, Արցախի Աղավնո համայնքի ղեկավար - 5 կիլոմետրի մասին խոսեց, ասաց՝ ես եմ այստեղի ընդհանուր պատասխանատուն 5 տարով: Երկկողմանի ոչ մի կողմ պետք է զենք չկրի պայմանագրի համաձայն, որին այդքան էլ ծանոթ չեմ, ըստ որի 5 տարի չպետք է կրակոց լինի:
Խաղաղապահներն Աղավնոյի մոտակայքում դիտակետ չունեն, իսկ հակառակորդը գյուղից հեռու է 2,5 կիլոմետր: Անդրանիկ Չավուշյանն ահազանգում է՝ անվտանգության երաշխիք չունեն: Իսկ հակառակորդը Քաշաթաղի հյուսիսում՝ Սիսիանի ուղղությամբ, կուտակում է զինամթերք և կենդանի ուժ:
Անդրանիկ Չավուշյան - Թույլատրում ենք այսքան զենք: Ի՞նչ, պետք է ասեն, իրենց հայրենի՞քն է, իսկ ինձ զրկում են ավտոմատ կրելու իրավունքից, որ ես իրավունք ունեմ պաշտպանվելու:
Հակառակ դժվարություններին՝ Աղավնոյի բնակիչների թիվն օրեցօր աճում է: Համայնքի ղեկավար Անդրանիկը 5 երեխաների հետ ապրում է գյուղում, որ վերադառնալ ցանկացողները չմտահոգվեն: Կինը վստահ է՝ ճիշտ որոշում են կայացրել:
Քրիստինե Խալափյան, Աղավնոյի բնակիչ - Գեղ կանգնի՝ գերան կկոտրի: Ինձ թվում է՝ միասնականությամբ կարելի է ամեն ինչ վերականգնել ու սկսել նոր, բնականոն կյանքով:
Աղավնոյում արդեն էլեկտրական հոսանք ունեն: Սպասում են հեռախոսակապի վերակագնմանը: