Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները:
Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում Արցախին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ:
Պետնախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում՝ 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվի Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանք է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի վերականգնման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում: