Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Հարավային Կովկասում Արցախի հայկական հանրապետությունն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ենթարկվեց ցեղասպանական հարձակման: Ամբողջ աշխարհը հետևում էր, թե ինչպես են ագրեսորները բազմաթիվ հանցագործություններ ու անկանոն հրթիռակոծություններ իրականացնում հայկական հողում: Այս մասին գրում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը moderndiplomacy.eu կայքում:
Միաժամանակ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան էր ուղարկում իսլամիստ արմատական խմբավորումների վարձկանների, ինչը հաստատվել է նաև ՄԱԿ-ի վերջին զեկույցում: Դա ապացուցել են նաև բազմաթիվ սիրիացի վարձկանների վկայությունները:
Ադրբեջանական զինուժի հետ նրանք պատերազմական հանցագործություններ են իրականացրել հայերի դեմ՝ սպանելով խաղաղ բնակիչների, վիրավորելով լրագրողների, թիրախավորելով տներ, անտառներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ ու մշակութային կենտրոններ, որոնցից ոչ մեկը ռազմական օբյեկտ չէ: Կիրառվել են սպիտակ ֆոսֆոր և կասետային զինատեսակներ, ինչը հակասում է միջազգային օրենքին: Դրա հետևանքով առնվազն 90 հազար հայ տեղահան է արվել Արցախի իրենց պապենական հողից:
45 օր անց պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ:
Փաստաթղթի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում: Սակայն ստորագրումից հետո էլ բազմաթիվ տեսագրություններ են հրապարակվել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գլխատում, խեղում և անդամահատում գերեվարված հայ քաղաքացիներին ու ռազմագերիներին: Այդ սարսափելի հանցագործությունները նկարահանվել ու սոցիալական հարթակներում հպարտորեն ցուցադրել են ադրբեջանցի զինվորականները:
Դեկտեմբերի 7-ին Թելեգրամի իրենց ալիքներից մեկում ադրբեջանցիները ցուցադրել էին ևս մեկ տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորականը գլխատում է տարեց հայ բնակչի, որն աղաչում էր խնայել կյանքը:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Ադրբեջանում անցկացված զորահանդեսին, որին ներկա եղած Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշատակել է Էնվեր փաշային, որը ծրագրել էր 1914-1923-ի քրիստոնյաների ցեղասպանությունը, ինչի հետևանքով սպանվել էր 1.5 մլն հայ և առնվազն 1 մլն հույն և ասորի: Էրդողանը նաև փառաբանել է Էնվերի և նրա եղբոր՝ Նուրի փաշայի ստեղծած իսլամիստ բանակը, որը Կովկասում 20-րդ դարի սկզբին իրականացրել է ոչ մուսուլման բնակչության, հիմնականում՝ հայերի, ևս մեկ ցեղասպանություն: Բացի այդ, Էրդողանը ևս մեկ անգամ հիշեցրել է հայերի դեմ վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցություն ցույց տալու մասին:
Հեղինակը նշում է, որ հայատյաց հայտարարություններով է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի մայրաքաղաքը, Սևանա լիճը և Սյունիքը «պատմական ադրբեջանական հողեր են»: Նման հայտարարություններ Ալիևն արել է նաև 2018-ին:
Միաժամանակ, ինչպես պարզ է դառնում, Ռուսաստանի միջնորդությամբ արված հայտարարությունը չի ապահովում Արցախի անվտանգությունը: Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը՝ հարձակում գործելով Արցախի Հադրութի շրջանի վրա: Ալիևը պատասխանատվությունը կրկին գցել է Հայաստանի վրա և խոստացել այս անգամ վերջնականապես ոչնչացնել հայերին:
Հոդվածագիրը նշում է, որ թուրքերը Փոքր Ասիայի կամ Հարավային Կովկասի բնիկներ չեն: Նրանք եկել են Կենտրոնական Ասիայից և տարածաշրջանը զավթել 11-րդ դարից սկսած: Հայ ժողովուրդն այդ տարածաշրջանի բնիկն է և այդտեղ ապրել է հազարամյակներ: Դարեր շարունակ թուրքերը բազմիցս հարձակումներ են գործել հայերի դեմ: Նշվում է, որ Էրդողանի ռեժիմը չի բավարարվի Արցախով: Թուրք իմպերալիստի օրակարգը միայն հայերին թիրախավորելը չէ: Էրդողանը տարիներ շարունակ հրապարակավ հայտարարել է իր ռեժիմի նեոօսմանական նպատակների մասին: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը հասնեն իրենց էքսպանսիոնիստական նպատակներին Հարավային Կովկասում, ապա կշարունակեն թիրախավորել և կփորձեն ընդլայնել իրենց ազդեցությունն ու տարածքները Եվրոպայի որոշ հատվածներում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում: