ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում:
«Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ:
Պատերազմն ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի: Անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում:
Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:
Ընդհանուր առմամբ՝ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ: Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է վերահսկողություն»,- գրված է հայտարարությունում: