Պատերազմին մասնակցած երիտասարդները հմտություններ ձեռք կբերեն տեխնոլոգիական ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից՝ ՏՏ» ծրագիրը: Միայն թե այս անգամ ընդլայնել են շահառուների շրջանակը:
Րաֆֆի Քասսարջյան (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն) - Ոչ միայն զորացրվածների, վիրավորների, այլև նրանց ընտանիքների համար է:
Ծրագրում ներառել են նաև պատերազմում՝ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին: Նրանց կսովորեցնեն եռաչափ մոդելավորում ու տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման լեզուներ: Կկրթեն այնպիսի մասնագետներ, որոնց կարիքը ոլորտում կա:
Րաֆֆի Քասսարջյան - Ծրագրավորումից բացի, կան հաճախորդների սպասարկում, մարքեթինգ, վաճառք, նաև կիբեռանվտանգության դասընթացներ:
Առաջին անգամ ծրագիրը մեկնարկել էին դեռ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներից գոհ են: Պատերազմի միջով անցած 168 երիտասարդի են IT համայնք ինտեգրել: Մի մասն աշխատանքի է անցել տարբեր ընկերություններում, ոմանք էլ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:
Հովհաննես Մկրտչյան («Ինոսոֆթ» ընկերության համահիմնադիր) - Պետք է նոր կյանք սկսել ու բոլոր ջանքերը ներդնել այդ գործի մեջ:
Ապրիլյան պատերազմը Հովհաննեսի կյանքը փոխել էր, վիրավորումից հետո ապագան մշուշոտ դարձրել: Նոր կյանքի ձգտումով «Բանակից՝ ՏՏ» ծրագրին է մասնակցել, ստացած գիտելիքներով էլ ոլորտում հաջողություններ ունեցել: IT ընկերություններից մեկում աշխատանքի է տեղավորվել, նաև սկսել է վեբ ծրագրավորում դասավանդել: Մի քանի տարի է՝ նաև իր սեփական ընկերությունն է հիմնել: Իր թիմով ստարտափներ է ստեղծել:
Հովհաննես Մկրտչյան - Օգտագործելով քաղաքի կամերաները՝ ֆիքսում էինք՝ մեքենաների կայանման ազատ տեղ կա՞, տվյալները թարմացվում էին, մի խոսքով՝ լայնածավալ պրոյեկտ է:
Նաև վեբ կայքեր ու բջջային հավելվածներ է ստեղծել մի շարք ընկերությունների համար: Ասում է՝ ստացած գիտելիքն ու փորձը կներդնի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում: Դրան զուգահեռ հիմա նոր հավելված են մշակում: Սրճարաններում, ռեստորաններում ու քաղաքի մարդաշատ հատվածներում մտադիր են սմարթֆոնների լիցքավորման կետեր տեղակայել:
Հովհաննես Մկրտչյան - Ստանցիաները փաուրբենքի, մարտկոցները հասցեով կարող եք տեսնել, սկան անել: Ամեն րոպեի համար չարջ ենք անում օգտագործման գումար:
«Բանակից՝ ՏՏ» կրթական ծրագիրը իրականացվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Այս անգամ պատերազմը երկար տևեց, շահառուների թիվն էլ մեծ կլինի: Պատրաստ են բոլոր դիմորդների անվճար կրթությունն ապահովել՝ ասում է փոխնախարարը:
Վիկտորյա Պողոսյան (բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Կկարողանանք նախատեսվածից ավելի մասնակիցներին կրթություն ստանալու և աշխատաշուկայում տեղավորելու հնարավորություն տալ:
Հաշվի առնելով վիրուսային իրավիճակը, վիրավոր ու հիվանդանոցներում բուժում ստացող զինծառայողների թիվը՝ դասերն առայժմ հեռավար կկազմակերպեն: Այստեղ տեղեկացնում են՝ գրանցման փուլն արդեն մեկնարկել են: Ծրագրում ներառվելու համար պետք է շտապել:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան