Իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Վարչապետի խոսքով՝ այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
«Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ, առավել ևս՝ ստեղծում է էմոցիաներ, ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորստով: Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է: Այս ամենը արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքները ամրապնդելու համար:
Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն: Եվ եթե այս էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով:
Իսկ այսօր տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային կանոններ են գործում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է:
«Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, դրանց ուղղությամբ ջանքեր են գործադրվում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով, նաև պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու համար ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները: Համոզված եմ՝ կկարողանամ դա անել:
Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց վարչապետը: