Գևորգ Արշակյանի ուսանողական ընկերը՝ Էլինան, հիշում է՝ Մատաղիսում ծառայող ավագ-լեյտենանտ Արշակյանը դիպլոմների հանձնմանը ներկա լինել չի կարողացել, հայրենիքի սահմաններն էր հսկում, փոխարենը փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի իր դիպլոմն ստացավ օրեր անց, ավարատական նկարն էլ ինքը հեղինակեց:
Էլինա Արիստակեսյան, Գևորգի ընկերը - Դուրս գալուց ասացի՝ դե մի հատ հպարտ կանգնի՝ նկարեմ, ասաց՝ այս ֆակուլտետի դիպլոմը վերցնել այլ կերպ չի լինի:
Այդպես հպարտ էլ 24 տարի ապրեց երկրի վրա, և արդեն 40 օր՝ երկնքում: Հայրենիքի պաշտպանության համար ընկած Գևորգ Աշակյանի մահվանից 40 օր անց, ինչպես ինքն էր ասում, իր երկրորդ տանը՝ մայր բուհում, հավաքվել են դպրոցական, ուսանողական ընկերները, հարազատները, ընտանիքի անդամներն ու ժպիտով, բայց արցունքների միջից պատմում են Գևորգի մասին, հպարտանում, որ սովորել, ընկերություն են արել և ապրել հերոսի հետ:
Դավիթ Ափոյան, Գևորգի ընկերը - Ովքեր Գևորգին ճանաչում են, վստահաբար կարող եմ ասել, որ իր հայրենասիրությունը չափ ու սահման չուներ:
Խաչիկ Աբաջյան, Գևորգի ընկերը - Երբ Գևորգին ճանաչեցի ու ընկերացանք, ինձ համար արդեն պարզ էր, թե ինչու են բոլորն իրեն ճանաչում, լուսավոր, պարզ ու Ֆանտաստիկ մարդ էր:
Եթե նախկինում հարցնում էին՝ ճանաչո՞ւմ ես Արշակյան Գևորգին, այսօր արդեն հարցնում են՝ հասցրիր ճանաչել ամեն բան հասցնող, միաժամանակ՝ փիլիսոփայության, իրավագիտության ֆակուլտետների և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ֆանտաստիկ ուսանողին:
Խաչիկ Աբաջյան - Ինքն անընդհատ ասում էր, որ համալսարանն արժեք է, և այստեղ պետք է դասավանդվեն միայն գիտություններ ու շատ ուսանողների համոզում էր, որ իրենց մասնագիտությունը գոյություն չունի:
Արիստոտելին, Սոկրատեսին ու մյուս փիլիսոփաներին կոլեգա անվանող Գևորգը նույնը նաև Մատաղիսում ծառայության ժամանակ իր զինվորներին էր ապացուցել:
Տիգրան Նալբանդյան - Մի օր զինվորներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց, որ նոր պարոն լեյտենանտ Գևորգ Արշակյանն ինձ ապացուցեց, որ ես գոյություն չունեմ:
Իսկ ինքը գոյություն ունի՝ անկախ ֆիզիկական բացակայությունից՝ Գևորգին հակառակ պնդում են ընկերները: Որպես սպա բանակ զորակոչված Գևորգը ծառայությունն ավարտել էր ամռանը: Պատերազմի հաջորդ իսկ օրը համալսարանական ջոկատ կազմելու նախաձեռնությամբ ինքը հանդես եկավ: Մեկնեցին ռազմաճակատ, օրեր անց հերթափոխը հանձնելով վերադարձան:
Անահիտ Հովսեփյան, Գևորգի մորաքույրը - Գիշերով տուն եկավ, լսեցի իր ձայնը, զարմացա, գիտեի, որ մինչև պատերազմը չավարտվի, չի վերադառնա, բայց երբ դուռը բացեցի ու տեսա իր հիվանդ տեսքը և պատերազմի հոտը, ես այդ հոտը երբեք չեմ կարող մոռանալ:
Վերադարձել էր, որովհետև հիվանդացել էր թոքաբորբով: Բայց դեռ կարգին չապաքինված, առանց սպասելու համալսարանական ջոկատին, կրկին մեկնել էր Արցախ՝ առջնագիծ հասցնելու համար տաքսիին մի քանի տասնյակ հազար դրամ վճարելով:
Դավիթ Ափոյան - Վերջին օրերն էին, երբ արդեն ամեն մեկս գնացինք մեր ընտանիքների հետ որոշ ժամանակ անցկացնելու, որ նորից մեկնեինք ռազմաճակատ, հաղորդագրություն ուղարկեց:
Հաղորդագրությամբ հայտնել էր, որ Շուշիում է, հպարտացել էր, որ մասնակցելու է իր համար այդքան սիրելի քաղաքի պաշտպանությանը: Ավագ-լեյտենանտը դավաճանություն էր համարում իր զինվորների կողքին չլինելը՝ քաջ գիտակցելով, որ շատ դժվար պատերազմ է:
Անահիտ Հովսեփյան - Պինդ ու ամուր օրգանիզմ ուներ, թիկնեղ էր և թվում էր, թե իրեն ոչինչ չի պատահի:
Խաչիկ Աբաջյան - Գևորգը ոտքից վիրավորվել էր, բայց շարունակել էր մարտը, որից հետո էլ արդեն մահացու հրազենային վիրավորում էր ստացել հենց Շուշիի մատույցներում:
Գևորգին լավ ճանաչողները գիտեն, որ ծնվել էր ոչ թե 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, ինպես նշել էր սոցցանցի իր էջերում, այլ Հայաստանի անկախացումից 5 տարի անց:
Հայրենիքը հզորացնելու ծրագրերը Գևորգը մշակել է դեռ դպրոցական տարիներից: Ապրում էր Նժդեհի, զոհվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվիրանը կատարելով՝ իր մահն էլ ծառայեցնելով հայրենիքին:
Գևորգի հետ համատեղ նկարներով միջոցառմանը ներկայացած ընկերները մաղթանքներ ու խոստումներ են գրել նկարների դարձերեսին՝ ոչ իր գործը կիսատ կթողնեն, ոչ էլ իր երազանքները: Իսկ ամենակարևոր խոստումն այն է, որ Գևորգներ էլի են ծնվելու ու շատ: