Պատերազմի օրերին գրեթե մեկ ամիս տաք անկողին ու տաք ճաշ չտեսած ապագա բժիշկը հայրենիքի պաշտպանների համար ամեն ինչի էր պատրաստ. նույնիսկ սեփական տաք գուլպաներն է տվել վիրավոր զինվորներին: Հաճախ Երևան է վերադարձել հագուստի կեսն Արցախում թողած: 20 օր քնել է շտապօգնության մեքենայի մեջ: Հադրութից վիրավոր է դուրս բերել այն պահին, երբ քաղաքն արդեն շրջափակված էր:
Վահե Գրիգորյան, ԵՊԲՀ ուսանող - Ինչ վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, երկրին, ամեն ինչ դառնում էր երկրորդական: Այդ պահին պետք էր ամբողջ ուժով, գիտելիքով, ունակություններով լինել սահմանին՝ զինվորի կողքին:
Պատերազմի հենց առաջին օրից Վահեն ու նրա ընկեր, դարձյալ բժշկական համալսարանի ուսանող Տաթևը պաստառներով կանգնել են առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջելով, որ թույլ տան իրենք էլ որպես կամավոր մեկնել Արցախ: Սեպտեմբերի 28-ից վիրավոր զինծառայողներ են տեղափոխել Ստեփանակերտից Երևան, Արցախի տարբեր բնակավայրերից՝ Ստեփականերտ: Շատ դեպքերում վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերող այս երիտասարդներից է կախված եղել, թե հիվանդանոց հասցնելուց հետո զինվորի կյանքը կհաջողվի՞ փրկել:
Տաթև Խաչատրյան, ԵՊԲՀ ուսանող - Հադրութ հասանք, այնտեղ ուղղակի շատ խառն էր իրավիճակը, ուղղակի դռները բացեցին, վիրավորին դրեցին մեքենայի մեջ, ու մենք ինֆորմացիա չունենք իր մասին, ոչ անուն գիտենք, ոչ գիտենք ինչ վիրավորում է ստացել:
Վահե Գրիգորյան - Հասկացանք, որ գիտակցություն համարյա չկար, ընդհանուր կենսական ցուցանիշները՝ շատ ցածր, ոտքից վիրավորում ուներ: Տաթևն ամբողջ ճանապարհին այդ տղայի ոտքը գրկել էր:
Տաթև Խաչատրյան - Մենք գլյուկոզա չունեինք մեքենայի մեջ, շոկոլադ ունեինք պայուսակում, իրեն հազիվ խոսացնում էինք, որ գիտակությունը չկորցնի: Այդ շոկոլադը պոկել ենք կտոր-կտոր, տվել վիրավորին:
Ամեն հաջորդ զինվորին տեղափոխելուց ու իրենց արյունոտ հագուստը տեսնելուց հետո ուժասպառ են եղել, բայց նորից ոտքի կանգնել՝ մյուսներին փրկելու հավատով: Պատերազմի օրերին Հայաստանի ու սփյուռքի տարբեր բուժկենտրոններից հազարավոր բժիշկներ են որպես կամավոր մեկնել Արցախ:
Քրիստինա Գյուրջյան, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ - Առաջին օրվանից բժշկական կազմակերպություններից գործուղվել են Արցախի բժշկական կազմակերպություններ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր: Ընդգրկված են եղել անեսթեզիոլոգներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, անոթային վիրաբույժ, կրծքային վիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ:
Այս բոլոր թվարկվածների ու լրացուցիչ շտապօգնության ծառայության աշխատակիցների թիվը միասին անցել է 2000-ը:
Քրիստինա Գյուրջյան - ԱՆ-ի կողմից նշանակվել են պատասխանատուներ՝ Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում, որոնք ապահովում էին մեր վիրավոր զինծառայողների, քաղաքացիական բնակչության բժշկական կազմակերպման էտապայնությունը:
Առողջապահության նախարարության այս պահարանում մինչև հիմա էլ աշխատակիցները պահում են կամավորներից մեկի հագուստը: Չգիտեն ումն է: Գիշերով, հոգնած, քրտնած այնքան ուսանողներ էին Արցախից վիրավոր բերում ու դեռ տեղ չհասած, նորից հետ գնում:
Սիրանուշ Խորենյան, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության խորհրդատու - Բարձրահասակ երիտասարդ է, հավանաբար: Պահում ենք, պատվոգրերի հետ միասին այստեղ է: Ոչ գիշեր կար, ոչ ցերեկ, ոչ հոգնածություն, ոչ կուշտ, ոչ ծարավ: Ջերմություն ունեին, դեղը բացում էին, բաժակի մեջ խառնում, գնում, որ կարողանային տեղ հասնել, նորից մեկին օգնել:
Առողջապահության ոլորտի կամավորները հաճախ ստիպված են եղել այս դժվարությունները մեկտեղել անձնական ողբերգությունների ու դժվարությունների հետ: Բուժքույրերից մեկը, որ գիշեր-ցերեկ վիրավորներ է տեղափոխել, պատահաբար դարձել է նաև իր վիրավորված որդու բուժքույրը: Վահեն էլ կամավորության ժամանակ իմացել է, որ հարազատ եղբայրը՝ տանկիստ Արման Գրիգորյանը, զոհվել է: Քանի անգամ են եղբայրները փորձել հանդիպել, բայց ամեն անգամ ճանապարհները նորից բաժանվել են:
Եվ նույնիսկ հարազատ եղբորը կորցնելուց հետո Վահեն նորից պատրաստ էր շարունակել օգնել վիրավոր զինվորներին՝ այս անգամ արդեն ամեն մեկի մեջ եղբորը տեսնելու դժվարությամբ:
Հարազատներ են կորցրել, բայց նաև գտել են: Ապագա բժիշկները հետո էլ հետաքրքրվել են զինվորներից յուրաքանչյուրի ճակատագրով, շատերին արդեն Երևանում հանդիպել, ընկերացել, նույնիսկ հարսանիքի հրավեր ստացել էքստրեմալ պայմաններում իրենց շնորհիվ Հադրութից դուրս բերված վիրավոր զինվոր Տիգրանից: