Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին՝ հոր մահվան կապակցությամբ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ցավակցական հեռագրում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենախորին ցավակցություններս Վովա Նիկոլի Փաշինյանի մահվան կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր հոր վառ հիշատակը մշտապես կմնա հարազատների և հայրենակիցների սրտերում՝ որպես իմաստուն և տաղանդավոր ուսուցչի, աշխատասեր մարդու, հայրենասերի, ով իր կյանքը նվիրել է արժանապատիվ երիտասարդ սերնդի դաստիարակությանը:
Կիսելով անդառնալի կորստի ցավը՝ ցանկանում եմ Ձեզ և Ձեր հարազատներին տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին պահին»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ցավակցական հեռագրում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունները Ձեր հոր անժամանակ մահվան կապակցությամբ։ Ամենամտերիմ և հարազատ մարդու հեռանալն անդառնալի կորուստ և անանցանելի վիշտ է։
Համոզված ենք, որ այդ հիանալի մարդու պայծառ հիշատակը հավերժ կպահպանվի բոլոր նրանց մոտ, ովքեր նրան ճանաչում էին։
Անկեղծորեն ցավակցում և ցավում ենք»։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ցավակցական հեռագրում նշված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Հայաստանում Եվրամիության պատվիրակության անունից մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին: Այս դժվարին ժամանակներում, Ձեր հոր մահը ծանր կորուստ է Ձեր ընտանիքի համար: Մաղթում ենք Ձեզ տոկունություն՝ այս վշտին դիմանալու համար:
Թող նրա հանգուցյալ հոգին հանգչի խաղաղությամբ»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի ցավակցական հեռագրում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին՝ Ձեր հայրիկի անդառնալի կորուստի կապակցությամբ։
Անկեղծորեն ցավակցում ենք և կիսում ենք Ձեր վիշտը։ Ամուր եղեք»։