Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանը այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփել են Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արդյունքները: Սերբիայում տեղի ունեցած խաղարկությունից հավաքականը վերադարձել է երկու մեդալով. 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը՝ արծաթ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ նախապատրաստական փուլը նախագծածով չի անցել: Հավաքականը չի կարողացել մասնակցել միջազգային մրցաշարի, որը պետք է այս մրցման համար նախապատրաստական փուլ հանդիսանար:
«Արտերկրի հավաքը չկարողացանք անցկացնել, որը շատ կարևոր էր այս մրցմանը նախապատրաստվելու համար: Երկրից չկարողացանք դուրս գալ: Կարողացանք ընդամենը պատրաստվել, ինչպես ասում են, մեր ձեռքի տակ ինչ կար. էդպես պատրաստվեցինք»,- նշեց Ալեքսանյանը՝ մանրամասն անդրադառնալով բոլոր քաշային կարգերում մեր երկիրը ներկայացնող ըմբիշներին:
55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Ռուդիկ Մկրտչյանն է, բայց մարզչի խոսքով՝ չի կարողացել ամբողջությամբ մտնել հունի մեջ: 60 կգ քաշային կարգում մասնակցել է Արմեն Մելիքյանը, որի գոտեմարտերը ևս մարզչական խորհրդին չի գոհացրել՝ նշեց Ալեքսանյանը:
63 կգ քաշային կարգում մասնակցել է եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը, որը քաշը հատուկ այս խաղարկության համար փոխել էր՝ 60-ից դառնալով 63 կգ, բայց նախապատրաստական փուլում Քովիդ-19-ով վարակվելուց ու ապաքինվելուց հետո է մասնակցել Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը:
Սպասելիքները շատ էին նաև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանից, որը 2019-ին 63 կգ քաշային կարգում Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր դարձավ: Այս անգամ ըմբիշին նույնպես հաջողվել է բրոնզե մեդալ բերել հայրենիք:
72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Մալխաս Ամոյանը, որը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում հունգարացի ըմբիշին:
«Երբ պասիվության համար հունգարացուն պարտեր նստեցրին, Մալխասը բարձրացրեց, բայց այստեղ երիտասարդությունն էր, թե շտապողականությունը, որ իրեն խանգարեց կատարել այդ հնարքը լիարժեք ու միավոր վաստակի, կիսատ թողեց: 1-1 հաշվով, երբ 1 րոպե 46 վայրկյան կար գոտեմարտը վարելու, նա ամեն ինչ արեց, բայց մրցավարները չգնահատեցին: Պետք է պասիվություն տրվեր հունգարացի ըմբիշին ու մեկ միավոր՝ Մալխասին»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը՝ հավելելով՝ գոհ են Մալխասի մարտերից, հետագայում ոսկե մեդալները սպասել չեն տա:
77 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացրել է Կարապետ Չալյանը, որն արդեն ունի 2021-ին Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերի վարկանիշ: Մարզիչը կրկին մրցավարական կողմնապահություն ու խնդիրներ է նկատել Չալյանի գոտեմարտերի ընթացքում. «Մրցավարական կողմնապահության հաշվին մենք երրորդ տեղի համար գոտեմարտն էլ տանուլ տվեցինք, և Կարապետը բավարարվեց 5-րդ տեղով»:
82 կգ քաշային կարգում մասնակցել է Հայաստանի չեմպիոն Ռուբեն Ղարիբյանը, որի մասնակցությունից մարզիչները գոհ չեն, պնդում են՝ նա ավելին է կարող: 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած փորձառու ըմբիշ Արթուր Շահինյանից նույնպես ավելի լավ արդյունք էին սպասում:
97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնը՝ Արթուր Ալեքսանյանը, «Ճերմակ արջը», մրցումներից առաջ հարբուխ է ունեցել, Հայաստանում և Սերբիայում Քովիդ-19-ի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել, բայց ըմբիշի մոտ թուլություն է նկատվել:
«Բայց քանի որ հասել էինք այնտեղ, իր որոշումն այն էր, որ պետք է գոտեմարտի: Ռուս ըմբիշի հետ գոտեմարտի ժամանակ չորեքթաթ վիճակից շարժվելով՝ պաշտպանության ժամանակ մրցավարները մեզ պատժեցին, եթե մեր հակառակորդներն այդպես շարժվեին, կհամարվեր նորմալ: Հետո նորից կրկնեցին այդ չորեքթաթ վիճակը, հետո ամեն ինչ խառնվեց իրար: Գոտեմարտն ավարտվեց 5-1 հաշվով, մեր ըմբիշն էլ չշարունակեց, քանի որ գոտեամարտից հետո տեսանք, որ իր հնարավորությունները լիարժեք օգտագործել չի կարողանում, այդ իրավիճակում մրցաշարը շարունակելն անիմաստ էր: Որոշում կայացրինք բժշկի թղթով դուրս հանել»,- նշեց ըմբիշի հայրը:
Ծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է հավաքականի լավագույն մարզիկ Դավիթ Հովասափյանը՝ ասում է մարզիչն ու հավելում՝ Դավիթի գոտեմարտերից մարզչական խորհուրդը գոհ է: Երիտասարդ ըմբիշը հասել է մինչև կիսաեզրափակիչ ու պարտվել ռուս ըմբիշին: Երրորդ տեղում ուկրաինացի ըմբիշի հետ գոտեմարտում հաղթանակն էլ ձեռքից բաց է թողել վերջին 3 վայրկյանների ընթացքում: