ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հասկացրել է, որ «ռուսական С-400-ները սպառնում են ամերիկյան անձնակազմին և ռազմական տեխնոլոգիաներին: Դրանք նաև Ռուսաստանին թույլ են տալիս մուտք գործել թուրքական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերությունը»,- ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Քեյլ Բրաունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Նրա խոսքով՝ Պոմպեոն Չավուշօղլուին խորհուրդ է տվել С-400-ի հարցն այնպես լուծել, որ համահունչ լինի թուրք-ամերիկյան պաշտպանական համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարը թուրք գործընկերոջը հիշեցրել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հաստատել է դաշինքի համակարգերի հետ օպերատիվ համատեղություն ունեցող զենքեր և ռազմատեխնիկա գնելու պարտականությունը: