Տեսքից խաղատնային սովորական ֆիշկա է, իրականում՝ կազինոների բիզնեսի ֆինանսական ամբողջ շարժը բացահայտող ռադիոհաճախականության RF-ID չիպ: Դրանով կարելի է on-line ռեժիմով ճշտել՝ ո՞ր սեղանին ի՞նչ խաղադրույք ընդունեցին, որքա՞ն կազմեց շահումը: Պետեկամուտների կոմիտեում նախատեսում են՝ Հայաստանում էլ ներդնել այդ համակարգը:
Գոհար Զաքարյան (ՀՀ ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ) - Չիպերը թույլ կտան վերահսկել խաղային ամբողջ պրոցեսը ռեալ ժամանակում, մասնավորապես, չիպերի տեղաշարժը խաղատնային սրահներում:
Շահումով խաղերի ոլորտը կարգավորող նոր մեխանիզմը ՊԵԿ-ը քայլ առ քայլ մշակում է միջազգային փորձագետների հետ: Փաթեթն արդեն արժանացել է Կառավարության Թվայնացման խորհրդի հավանությանը: Օրենսդրական կարգավորումներին զուգահեռ վերջնական տեսքի է բերվում նաև ինչպես իրական խաղատներին, այնպես էլ՝ առցանց բուքմեյքերական գրասենյակներին մեկ հարթակում հետևող էլեկտրոնային ծրագիրը:
Հարկահավաքները համոզված են՝ էլեկտրոնային նոր համակարգը թույլ կտա մի կողմից բացառել փողերի լվացման դեպքերը, մյուս կողմից՝ բյուջե բերել խաղային բիզնեսի նաև թաքցրած հարկերը: