Գինի արտադրողներն իրենք կորոշեն, որոնք են լավագույնները: Սակայն նրանցից ոչ մեկն այդպես էլ չի իմանա՝ ով ում արտադրանքն ինչպես գնահատեց: Լավագույն գինիները միջազգային շուկայում կներկայանան «Հայաստանի գինիներ» միասնական բրենդով: Մոտ տասն օրից պարզ կդառնա հայկական որ գինիներն են համապատասխանում միջազգային չափորոշիչներին:
Հայաստանի անկախ համտեսողներն ու գինի արտադրողները մի ամբողջ աշխատանքային օր կհամտեսեն ու կգնահատեն Հայաստանում արտադրվող 134 գինիները: Գույն, համ, հոտ՝ որակի չափորոշիչները բազմաթիվ են:
Արտեմ Պարսեղյան, գինեգործ - Գնահատելուց հետո իրենք կարողանում են ստանալ ընդհանուր մեկ բալ: Գնահատականը 100 բալանոց է, բոլոր այն գինիները, որոնք 85-ից ավելի բալ կհավաքեն, հնարավորություն կունենան իրենց գինիների վրա դնել այդ տարբերիչ նշանը՝ «Հայաստանի գինիներ»:
Միջազգային շուկայում «Հայաստանի գինիներ» հովանոցային մակնշում ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել՝ ասում են գինեգործները: Երկար քննարկումներից հետո որոշվեց կազմակերպել կույր համտես, որտեղ լավագույն գինու գնահատմանը մասնակցում են նաև արտադրողները: Այս դեպքում չի բացառվում, որ նույնիսկ ցածր գնահատեն իրենց իսկ արտադրածը:
Արտակ Գաբրիելյան, խաղողագործության և գինեգործության խորհրդատու - Վատ գինի ընդհանրապես չկա, գինիները լինում են կամ լավը, կամ ավելի լավը: Գինիները լինում են դյրական կողմերով և բացասական կողմերով, հիմա դա ենք գնահատում:
Ժան Պոլ Բերգեր, գինեգործ - Կարծում եմ՝ «Հայաստանի գինիներ» տարբերանշանը հնարավորություն կտա միջազգային նոր շուկաներ գտնել և հանդես գալ որակի միասնական ստանդարտով:
Կույր համտեսի գնահատումից հետո արդյունքները կամփոփի հինգ անկախ փորձագետ: Սա մեդալների համար հերթական մրցույթ չէ՝ ասում է խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի տնօրենը: Հայաստանն արտադրանքի ծավալով չի կարող աշխարհում մրցակցել, որակով՝ հնարավոր է:
Զարուհի Մուրադյան, Հայաստանի խաղողագործության, գինեգործության հիմնադրամի տնօրեն - Հայկական բարձրակարգ գինին այցեքարտ դարձնելու համար դասակարգելու ենք գինիները և միայն լավագույն գինիները կներկայացնենք միջազգային ասպարեզում: Ցավոք, մենք չեն կարող մրցակցել աշխարհում գինի արտադրողների հետ, որոնք ունեն Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, բայց մենք կարող ենք նոր շունչ և մեր խոսքը հասցնել միջազգային գինու հարթակում՝ որպես լավագույն գինի արտադրող երկիր:
Բոլոր արտադրողները կհամագործակցեն ասոցիացիայում: Գերմանիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ կստեղծվի էլեկտրոնային առցանց հարթակ, որտեղ կհանդիպեն արտադրողն ու գնորդը: Հայկական գինիների համար եվրոպայում նաև պահեստային տարածք կվարձակալեն: