Եթե նախորդ ծրագրով աջակցություն է տրամադրվում ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին հյուրընկալողներին, ապա այս ծրագրով աջակցություն կստանան նաև Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողները։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նշվում է, որ ծրագիրը եռամսյա է․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար ՀՀ հյուրընկալ ընտանիքին կտրամադրվի 30,000 դրամ, իսկ ԱՀ հյուրընկալ ընտանիքին՝ 45,000 դրամ:
Ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ովքեր հյուրընկալվողին տրամադրում են կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար: Միջոցառումից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմումը ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
Շահառուն կարող է դիմել էլեկտրոնային եղանակով՝
1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
2) 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Դեկտեմբեր ամսվա համար աջակցության տրամադրումը կմեկնարկի հունվարի սկզբից։