ԵՄ-ն աջակցում է հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և պատրաստ է դեր խաղալ վերականգնման ու կայուն խաղաղությանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այս մասին հայտարարեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոսեպ Բորելը՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ։
Նիստին մասնակցելու համար Բելգիա էր ժամանել ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումը վարել է Բորելը, մասնակցել է նաև ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարhելին։ Բորելը նաև նշեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարեփոխումների հարցում, քանի որ նույնիսկ այս դժվարին պայմաններում, պատերազմից հետո էլ կարևոր է հետամուտ լինել բարեփոխումների օրակարգին։ Քննարկման թեմաներից մեկն էլ կորոնավիրուսի դեմ պայքարն էր: Սակայն առանցքային թեման Արցախն էր:
Ժոսեպ Բորել (ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Հրադադարի համաձայնագիրը, անկասկած, մարդկային կյանքի ավելի շատ կորուստներ է կասեցրել, բայց, ցավոք, մենք զեկույցներ ունենք, որ կողմերը խախտել են հրադադարը։ Հրադադարի լիարժեք կիրառումը շարունակում է հրամայական լինել։ Մենք՝ որպես ԵՄ, ամբողջովին սատարում ենք Մինսկի խմբի ձևաչափը և ակնկալում ենք, որ համապարփակ բանակցությունները շուտով կվերսկսվեն։ ԵՄ-ն կարող է դեր ունենալ հաշտեցման, խաղաղության հաստատման, Մինսկի խմբի ջանքերը կյանքի կոչելու գործում և պատրաստ է դա անել։
Լիագումար նիստում քննարկումը կենտրոնացել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և գործընկերության գերակայություններին վրա: Մասնակիցները խոսեցին նաև տնտեսական, առևտրային և ոլորտային գործակցության մասին: Ընդլայնված կազմով քննարկումից հետո սահմանափակ նստաշրջանում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին Արցախում պատերազմի օրերին և նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տիրող իրավիճակի վերաբերյալ:
Արա Այվազյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Ակնկալում ենք, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շուտով ամբողջապես կվավերացվի և ուժի մեջ կմտնի, որի արդյունքում մեր գործակցության արդյունքները կհամալրվեն և կբազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Ադրբեջանը մարտահրավեր նետեց Արևելյան գործընկերության հիմքում ընկած արժեքներին, մեր ընդհանուր երվրոպական արժեքներին: Ադրբեջանը բացահայտ խախտեց իր միջազգային պարտավորությունները՝ ուժ կիրառելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքները, իրականացնելով պարբերական բնույթ կրող հրեշավոր պատերազմական հանցագործություններ, թիրախավորելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը:
Արտգործնախարարի համոզմամբ՝ այդպիսով Ադրբեջանն իր դաշնակցի՝ Թուրքիայի հետ, ի ցույց դրեց ցեղասպան մտադրությունը՝ վերացնել տարածաշրջանում Հայաստանի հազարամյա ներկայության հետքերը:
Դուք գիտեք, որ այս ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ընդհանուր առմամբ խաթարել է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Այն նաև վկայնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների հասցեագրման նախադեպ»:
Արա Այվազյանը նաև նշել է, որ կարևորում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների հաղթահարման գործում Եվրամիության դերի վերաբերյալ, մասնավորապես՝ հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում իրենց եվրոպացի գործընկերների կարծիքը։ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարելին ընդգծել է, որ «ԵՄ-ն վճռականորեն տրամադրված է աջակցելու Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և շարունակական ներքին բարեփոխումներին` ի շահ Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի:
Վարհելին հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է ևս 10 միլիոն եվրո ներդնել հետագա մարդասիրական օգնության համար և աշխատել հակամարտությունների առավել համապարփակ վերափոխման ուղղությամբ:
Գործընկերության խորհրդի նախօրեին Եվրամիությունը զեկույց է հրապարակել 2019 թ. մայիսից ի վեր Հայաստանում զարգացումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցն ընդգծում է Հայաստանի առաջընթացը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում, նրա նվիրվածությունը ներքին բարեփոխումներին և ԵՄ հիմնական դերը դրանց աջակցելու հարցում: