Հայաստանում եզդիական համայնքն այսօր նշում է իր գլխավոր տոներից մեկը՝ Կարմիր Սըլթան Եզիդի օրը: Պատերազմով պայմանավորված՝ այն այս տարի համեստ են անցկացնում, բայց պահպանում են օրվա գլխավոր խորհուրդը:
Լույսը բացվելուն պես բոլորը շտապում են միմյանց շնորհավորելու, աղոթելու, նվերներ հանձնելու: Իրենց նախահոր՝ Կարմիր Սըլթան Եզիդի շարժական տոնն աշխարհի եզդիները նշում են ամեն տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող երկուշաբթի:
Տոնի շնորհավորանքն սկսվում է խաղաղության կոչով: Առաջին օրը ծոմ են պահում նրանք, ում ընտանիքում կորուստ է եղել: Հաջորդ երեք օրերին բոլոր եզդիներն են միանում:
Խդր Հաջոյան, Եզդիների ազգային միության փոխնախագահ - Ծոմի ժամանակ քնում են և սնվում, քանի դեռ լույսը չի բացվել: Այնուհետև արթնանում են և ամբողջ օրը չեն սնվում:
Ծոմի արարողությունն սկսվում է գիշերը; Սեղանին չպետք է լինի խոզի միս, կաղամբ և կանեփով ուտեստ; Նախահոր տոնն ունի նաև համերաշխության խորհուրդ: Բոլոր այն եզդիները, որ տարվա ընթացքում վիճել են, նեղացել իրարից, նախահայրը նրանց նորից հաշտեցնում է:
Խդր Հաջոյան - Այն եզդին, որը չի հաշտվում, եզդի կոչվելու իրավունք չունի: Այս տոնը միավորում է եզդի ժողովրդին:
Տոնի խորհրդանիշն ազգային դրոշն է, որի դիմաց կատարում են սրբադասման աղոթք; Դրոշի կարմիր և սպիտակ գույները եզդիները համարում են Նախահոր ներկայությունը, կարմիրը՝ եզդիների թափած արյունն է, սպիտակը՝ մաքրությունը; Կարմիր Սըլթան Եզիդին տևում է 7 օր:
Ազիզ Թամոյան, Աշխարհի եզդիների միության նախագահ - Շնորհավորում եմ համայն աշխարհի եզդիների այս գեղեցիկ տոնը, թող այն լինի ուրախությամբ, հաջողությամբ:
Այս տարի իրենց տոնը համեստ են նշում: Պատերազմում նաև եզդիներ զոհվեցին: Թեև հայերն էլ իրենցն են: Ասում են, որ այստեղ ապրում են անվտանգ՝ միակ երկիրն է աշխարհում, որ պաշտոնապես ճանաչել է եզդիների պետական լեզուն և հավատը: