Կադրային և կառուցվածքային փոփոխություններ՝ Արցախի պետական կառավարման համակարգում: Արցախի նախագահի հրամանագրով՝ տարածքային կառավարման և ենակառուցվածքների նախարարությունը կղեկավարի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Խանումյանը շատ ծանր շրջանում է ստանձնում պատասխանատու պաշտոնը:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Խանումյանին, որ համաձայնել է ստանձնել այս պաշտոնը՝ իրականում մեր երկրի համար ճակատագրական այս փուլում: Պետք է իրականացնի տարածքային ամենակարևոր խնդիրը՝ կառավարում, ինչն իր մեջ նաև պարունակում է զարգացում, պլանավորում:
Արցախի նախագահի համոզմամբ՝ գերատեսչության ամենամեծ անելիքը տեղահանված արցախցիների տեղավորման և զբաղվածության ապահովման հարցն է: Հայկ Խանումյանն էլ ասում է՝ դադարեցրել է ներքաղաքական պայքարը և կփորձի գործադիրում խնդիրներին լուծում տալ:
Հայկ Խանումյան, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Հույս ունեմ, որ արագ համակարգված աշխատանքի միջոցով այս բոլոր խնդիրները դնելու ենք իրենց հունի մեջ և անցնենք զարգացման ծրագրերին, որովհետև Արցախի ապագան սոցիալական ասեղի վրա նստած և անընդհատ խնդիրների հետևից վազող հասարակությունը չէ, այլ զարգացող:
Նախագահի աշխատակազմից վստահեցնում են՝ պետական հատվածում աշխատատեղերի կրճատում դեռ չի լինի:
Վահրամ Պողոսյան, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ - Հաշվի առնելով երկրում ստեղծված հետպատերազմական սոցիալական լարվածությունը և պայմանները՝ այս փուլում, համենայնդեպս, կառավարության միջին և ցածր օղակներում աշխատողների կրճատումներ չեն նախատեսվում:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Արցախը 13 նախարարության փոխարեն կունենա 11-ը, պետական որոշ մարմիններ կմիացվեն, որոշները՝ ընդհանրապես կլուծարվեն: