Ատոմային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին Իրանը շինարարություն է սկսել Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտի տարածքում՝ գրում է The Associated Press-ը:
Իրանը հրապարակավ չի ընդունել նոր շինարարությունը Ֆորդոյում: Այստեղ, համաձայն միջուկային գործարքի, որից դուրս եկավ Միացյալ Նահանգները, նախատեսվում էր արդիականացնել ցենտրիֆուգային կասկադները՝ բժշկական նպատակներով կայուն իզոտոպներ արտադրելու համար: Սակայն Իրանը, հրաժարվելով համաձայնագրի մի շարք դրույթներից, գործարանն օգտագործեց ուրանի հարստացման համար: Բացի դրանից՝ Իրանում նախապես օրենք էր հաստատվել Ֆորդոյում ժամանակակից ցենտրիֆուգներ տեղադրելու մասին:
Ըստ The Associated Press-ի, չնայած նոր շենքի նպատակը մնում է անհասկանալի, Ֆորդոյում ցանկացած աշխատանք, ամենայն հավանականությամբ, նոր անհանգստություն կառաջացնի Թրամփի վարչակազմի համար՝ մինչև նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը: Իրանն արդեն կառուցում է միջուկային օբյեկտ Նաթանզում, հուլիսին այնտեղ տեղի ունեցած խորհրդավոր պայթյունից հետո, որը Թեհրանը բնութագրեց դիվերսիոն հարձակում: