Եվրոպական շատ առաջնորդներ ու քաղաքական գործիչներ ինքնամեկուսացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո՝ հայտնում է INTERFAX-ը:
Հիմնականում մեկուսացել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տարեդարձի կապակցությամբ Փարիզ այցելած և Մակրոնի հետ հանդիպածներից շատերը: Դրանց թվում են Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան:
Ինքնամեկուսացել են նաև Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, որը չորեքշաբթի ճաշել է Մակրոնի հետ և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը, որը Ֆրանսիայի նախագահի հետ մասնակցել է Եվրոպական խորհրդի նիստին:
Ինքնամեկուսացման մեջ են նաև Բելգիայի և Իռլանդիայի վարչապետները, բայց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր չէ ինքնամեկուսանալ: ԵՄ գագաթնաժողովում Մակրոնին հանդիպելուց հետո նա COVID-19-ի թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է:
Եվրոպացի առաջնորդներից բացի՝ ինքնամեկուսացել են նաև մի քանի ֆրանսիացի քաղաքական գործիչներ: Չորեքշաբթի Մակրոնը ընթրել է տասը հոգու հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի, Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆերանի և Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոխլերի հետ:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը France 5-ի եթերում ասել է, որ Մակրոնը կարող էր կորոնավիրուսով վարակվել անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: