Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ավարտից 40 օր անց՝ վաղվանից, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Որոշման մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետ Փաշինյանը, նշել՝ հնարավոր է՝ այդ օրվա դրությամբ ոչ բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերված լինեն, նաև չճանաչված մարմիններ կլինեն, բայց այս որոշումն այլևս չի կարելի հետաձգել:
Վաղը՝ ժամը 13-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի պատերազմում զոհվածների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հայաստանի եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
Եռօրյա սուգ հայտարարելու որոշման մեջ նշված է, որ համայնքային ղեկավարները պետք է ապահովեն «Հայաստանի դրոշի մասին» օրենքի կատարումը»: Այն ենթադրում է՝ Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցում սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ: Դրոշի վերևի հատվածում պետք է ամրացվի սև ժապավեն: