Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 44 օրերի ընթացքում ու հաջորդած շաբաթներին համացանցում պարբերաբար շրջանառվում են գերիների ու անհետ կորածների տարբեր լուսանկարներ: Մեդիա կենտրոնում առցանց քննարկմանը բանախոսներն անդրադարձան թեմային՝ նշելով, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասաց, որ շատ դեպքերում նույնիսկ դժվար է հասկանալ, թե որն է թարմ կոնտենտ, որը՝ հին կամ վերաթողարկվող: Մեդիափորձագետը կարևորեց Կարմիր խաչի, Ժնևի կոնվենցիայի սկզբունքները, որոնք արգելում են կամ նախազգուշացնում են, որ դրանք կարող են վնասել: Պապյանը կարևորեց նաև այն, որ պետք է պահպանվեն լրագրողական սկզբունքները, որոնք ենթադրում են փաստերի ստուգում, կողմերի հետ քննարկումներ: Նշեց, որ պետք է ուշադրություն դարձվի «մի վնասիր սկզբունքին»: Նա նշեց, որ հաճախ լրագրողները, շտապողականություն դրսևորելով, իրենք էլ են խախտում մասնագիտական նորմերը ու հրատապության քողի տակ տարածում նման նյութեր: Ասաց, որ հարցազրույցներ են անցկացնում, հրապարակում տվյաներ, հնչեցնում, թե որտեղ գերեվարվեցին, և դա կարող է խնդիրներ հարուցել դեռևս գերության մեջ մնացած այլ անձանց համար:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց, որ պրոֆեսիոնալ լրագրողները պետք է առաջին հերթին էթիկայի կանոնները կիրառեն և հասկանան, որ սենսացիայից, օպերատիվությունից բացի՝ գոյություն ունեն մարդկային ճակատագրեր, և պետք է ամեն ինչ անել, որ դրանք չվնասեն: Մելիքյանը նշեց, որ թե՛ առցանց, թե՛ ավանդական լրատվամիջոցներում այդպիսի նորմերի խախտումներն ակնհայտ են:
«Արդեն տեսնում ենք, որ հեռուստաընկերությունները կարողանում են փակել գերեվարված անձանց դեմքերը կամ չհաղորդել կոնկրետ տվյալներ, մինչդեռ համացանցում այդ առումով աղետալի վիճակ է»,- ասաց Մելիքյանը:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ընդգծեց, որ մարդու պատկերը, տվյալները անձնական են և համացանցում հայտնվելով՝ մնում են այնտեղ հավերժ, իսկ արդյունքում կորում է դրանց նկատմամբ վերահսկողության հնարավորությունները, ինչն ապագայում կարող է բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի վրա: Ընդգծեց, որ խոսքը գերության մեջ գտնվող անձանց մասին է, որոնք չունեն իրենց տվյալների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն և առանց իրենց կամքից, տասը-քսան տարի անց էլ իրենց կյանքի այդ դրվագը մնում է հասանելի:
Հայրապետյանը նշեց, որ եթե յուրաքանչյուրը ձեռնպահ մնա հրապարակային հարթակում իրեն հանդիպած տեսագրության կամ մարդկանց պատկերի տարածումից, կարող է իրականում բան փոխել, քանի որ շատ ավելի քիչ մարդկանց հասանելի կլինի այդ տեղեկությունը և քիչ կտարածվի: Նա խորհուրդ տվեց տեսագրությունները և լուսանկարները ոչ թե տարածել սոցհարթակներում, այլ հասցեականորեն ուղարկել հենց պետական մարմին: Շեշտեց՝ գործ ունենք զգայուն անձնական տվյալների հետ: